Բանտերը մարդասպաններից ազատում են, որ քաղաքական հակառակորդներով լցնեն․ Մալյանը՝ Ենոքյանին բաց ռեժիմ տեղափոխելու մասին

Շուրջ 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի։ Սա, ըստ հասարակական գործիչ, հրապարակախոս Նարեկ Մալյանի, օրինաչափ է, քանի որ «մարդասպան» Ենոքյանի կինը Նիկոլ Փաշինյանի կնոջ կուրսընկերուհին է, և բնական է՝ հատուկ հրաման կա իջեցված Ենոքյանի պատիժը մեղմացնելու։
«Բազում անգամներ իր մեղքն ընդունած մարդը, որն իր զոհի ու նրա ընտանիքի մասին կեղծ լուրեր էր տարածում, հիմա բաց ռեժիմով է կրելու պատիժը։ Բայց դե, մեր երկրում, ընդհանուր առմամբ, վիճակն այնպես է, որ ոչ մի բանից զարմանալ չարժի»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Մալյանը։
Նրա խոսքով՝ «մհերենոքյաններն» այս վիճակում պետք է դուրս գան, այն էլ անձամբ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ․
«Մհեր Ենոքյանի այսօրվա փաստացի կինն Աննա Հակոբյանի կուրսեցին է, և նա Հակոբյանի միջոցով փորձում է իր ամուսնուն բանտից հանել»։
Նարեկ Մալյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը զանգել է արդարադատության նախարարին ու ասել, որ «արագի մեջ» ազատ արձակի Ենոքյանին։
«Ասենք ի՞նչ կա զարմանալու էս երկրում, որտեղ ամեն ինչ ծուռ է։ Սա խմբակային շահերի մասին է խոսում։ Լավություն անելու «ես քեզ, դու ինձ» սխեման է գործում»,- ասաց Մալյանն ու հավելեց՝ երկու անգամ փախուստի դիմած վտանգավոր մարդասպանին չեն կարող առանց ծանոթ-բարեկամի, առանց փողի անցկացնել բաց ռեժիմի։
Ըստ Մալյանի՝ սա «սորոսականներին» հերթական անգամ հաճոյանալու քայլ է, նաև պարզ առևտուր։
«Բանտերը մարդասպաններից ազատում են, որ իրենց քաղաքական հակառակորդներով լցնեն, ի՞նչ խնդիր կա»,- նշեց Նարեկ Մալյանը։ Մեր զրուցակիցը հավելեց՝ սա մեր երկրում առկա սխալ դրսևորումներից հերթականն է։
Նարե Գնունի