Դանիելն անընդհատ բողոքել է անձնական էջում, բայց ո՛չ ստանդարտ է վկայակոչել, ո՛չ գնահատական է տվել քաղաքական գործընթացին

Նախորդ շաբաթ ԱԺ վերջին արտահերթ նիստին խորհրդարանը հերթական անգամ չընտրեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Նախորդ անգամ խորհրդարանը մերժել էր սույն հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին ընտրել այդ հանձնաժողովի անդամ։ Այս անգամ ներկայացված էր երկու թեկնածու՝ Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության հատուկ կարեւորության գործերի քննիչ Վաղարշ Աղաբեկյանը և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը, և նրանցից ոչ մեկին չցանկացավ ընտրել խորհրդարանը։
Ընդ որում, նրանց չընտրեցին թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, թե՛ ընդդիմադիր երկու խմբակցությունները։ Ըստ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ ԱԺ 107 պատգամավորից և ոչ մեկը չի մասնակցել փակ քվեարկությանը։ Ընդդիմությունը, հավանաբար, այս երկուսի մեջ իր նախընտրելի թեկնածուն չի ունեցել, ՔՊ-ն էլ հերթական անգամ անհասկանալի ամբիցիաներ է ցուցաբերել։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր նաև «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով․ «Ի՞նչ է պետք Հայաստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ դառնալու համար։ Բարեվարքությու՞ն։ Պրոֆեսիոնալի՞զմ։ Ոլորտային փո՞րձ։ Անկախությու՞ն։ Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությու՞ն։ Ոչ։ Պետք է ՔՊ-ին լոյալություն և խոստում, որ ՔՊ-ականներին չես տուգանելու»։
Բայց այսքանով չէր հանգստացել Դանիելն ու իր գրառումների հաջորդ սերիաներում նկատել էր․ «Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը, արդեն, ՔՊ-ն է: Այո, համակարգի իներցիոն դիմադրությունը, կոնֆլիկտն ու խնդրահարույց ավանդույթները կան, բայց երկրորդային են: Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք ԿԿՀ-ի անկախ թեկնածու տեսնելիս վերջին պահին հորինում են, որ այդ մարդը կոչ է արել վարչապետին քարով խփել (հետո պարզվում է, որ խոսքը հումորային գրառման մասին է)... Ժողովրդի լեզվով ասած, պարկեշտ մարդու մասին, կներեք, «մուտիտ ֆռռացնելով» կանխում են այդ մարդու ընտրվելը հակակոռուպցիոն պաշտոնում»։
Խոսքը մի հումորային գրառման մասին է, որը հիշատակել է ՔՊ-ականներին զուտ միայն այսպիսի հարցերում քննադատող Դանիելը՝ ակնարկելով, որ ՔՊ-ականներն այնքան էժան ու ճղճիմ են ու բառացիորեն նաև «մուտիլովշիկ», որ մարդուն մի հումորային գրառման համար կարող են չընտրել ԿԿՀ անդամ։
MediaHub-ն այս թեմայով զրուցեց ԿԿՀ նախկին անդամ ու ՔՊ-ականների կողմից մեկ անգամ արդեն մերժված Հայկուհի Հարությունյանի հետ՝ հասկանալու, թե այս անգամ ո՞րն էր պատճառը ԿԿՀ անդամի թեկնածուներին մերժելու։
«Չեմ կարող ոչ մի բան ասել, պարզ էր նախորդ տարվանից, որ արդեն հետագա ընթացքը՝ քաղաքականացված, էդպես էլ գնալու է, այլ բան չեմ կարող ասել։ Ու քաղաքականացված ասելով՝ նկատի ունեմ, որ քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի միանձնյա որոշմամբ է տեղի ունենում այդ ամենը, այսինքն՝ մի խմբակցության միջոցով է ամբողջ որոշվում, դրա համար էլ ինքը, ըստ էության, քաղաքականացված է, որովհետև նույն քաղաքական ուժը քվեարկում է մրցութային հանձնաժողովի և նույն ուժը քվեարկում է թեկնածուների օգտին»,- ասաց Հայկուհի Հարությունյանը՝ նշելով, որ մրցութային հանձնաժողովում էլ ընդդիմության ներկայացուցիչ չկա։
-Իսկ ինչպե՞ս եք բացատրում իշխող ուժի կողմից այս բոյկոտը։
-Ես չեմ կարող իրենց փոխարեն որևէ բան ասել, ես կարող եմ ասել, որ այս գործընթացը, առհասարակ, որևէ ստանդարտ գոյություն չունի աշխարհում, որին ինքը համապատասխանում է։
-Իսկ անձնավորվա՞ծ մոտեցում կա թեկնածուների հանդեպ, քանզի սկզբում Ձեզ մերժեցին, հետո մյուս թեկնածուներին։
-Չեմ կարող ասել։ Իմ դեպքում բացարձակ այլ էր խնդիրը, հիմա թե ինչ են շարունակաբար անում, այ դա չեմ կարող ասել։ Կարող եք մասնագիտացված կազմակերպություններին հարցնել, որոնք իմ մասնակցությամբ գործընթացի ժամանակ այլ դիրքորոշում ունեին, թող իրենք բացատրեն։ Նույն «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» երկար ժամանակ նաև իբր մոնիտորինգ է իրականացրել գործունեության նկատմամբ, թող իրենք բացատրեն և տան այն սուր գնահատականները, որոնք պարտավոր են տալ։
-Ես չգիտեմ՝ Դանիել Իոաննիսյանը, օրինակ, մասնագիտացված կազմակերպություն է, թե ոչ, բայց իր ֆեյսբուքյան գրառումներն աչքովս ընկան, որտեղ նա կոշտ քննադատում էր ՔՊ-ին, որ իրական կոռուպցիան հենց ՔՊ-ի ներսում է։
-Քննադատելը և պրոցեսին մասնագիտական գնահատական տալը ուրիշ է։ Դանիելը կարող է դժգոհ լինել պրոցեսից և ներկայացնել, բայց Դանիելը երբեք չի հավակնել ու չի իրականացրել և չի կրում էդ վերնագիրը։ Վերջիվերջո, Հայաստանում կոռուպցիայի համար հանրային վերահսկողության պատասխանատվությունը հրապարակային հռչակել և ստանձնել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլը», թող իրենք էլ բարձրաձայնեն և գնահատականներ տան։
-Իսկ Դանիելը երբևէ չի՞ գրել այդ թեմայով։
-Եկեք ինստիտուցիոնալը անձի դժգոհությունից տարբերակենք, որպեսզի մենք անընդհատ նույն ցիկլի մեջ չպտտվենք։ Դանիելն անընդհատ բողոքել է թե՛ հրապարակային իր անձնական էջի գրառումներով, թե՛ մամուլի տարբեր միջոցների օգտագործմամբ, բայց ինստիտուցիոնալ կերպով մոնիտորինգ անելու, երևույթներին գնահատական տալու համար պատասխանատվությունը ստանձնել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլը»։ Բացեք իրենց կայքը, տեսեք։ Իսկ Դանիելն ուղղակի իր տեսակետը ներկայացնում է որպես անձ, ինքը երբեք չի էլ հավակնել զբաղեցնել այդ տեղը և ասել, որ ես այս մարմինն եմ, որ մոնիտորինգ է անում։
-Դանիելն իր գրառման մեջ նշել է, որ Վաղարշ Աղաբեկյանին, օրինակ, ՔՊ-ն մերժել է ժամանակին նրա արած մի հումորային գրառման համար։
-Հա, բայց տեսեք՝ դա իր անձնական մոտեցումն է, ինքը ո՛չ ստանդարտ է վկայակոչել, ո՛չ գնահատական է տվել քաղաքական գործընթացին, ինքն ուղղակի իր դժգոհությունն է հայտնել։ Իսկ ինստիտուցիոնալ առումով այդ ամբողջը տալիս են կազմակերպությունները։
-Իսկ Ձեզ համար տարօրինա՞կ չէր, որ ընդդիմությունը նույնպես բոյկոտեց ու չմասնակցեց քվեարկությանը։
-Իրենք միշտ բոյկոտել են, ուղղակի իրենք ընդամենը իմ թեկնածության ժամանակ հստակ գնահատական տվեց, որ իմ գործունեությունը եղել է անաչառ, օբյեկտիվ, չեմ պաշտպանել որևէ մեկին։ Ուստի, իրենք այդ վստահությունն ունեն, որ եթե ես մնամ և շարունակեմ պաշտոնավարումը, հանձնաժողովի անկախության հետ կապված իրենք որևէ անհանգստությունը չեն ունենա, իսկ մնացած թեկնածուների մասով չեմ կարող ասել։
Վահե Մակարյան