10․000 դոլար կաշառք դատական իշխանության ներկայացուցչին․ նոր մանրամասներ

10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից խոշոր չափերով՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես` պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ․ Ս․–ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
Նախաքննությամբ պարզվել է, որ դատավորը, պարտավոր լինելով գործի քննությունը և լուծումն իրականացնել ողջամիտ ժամկետում ու ապահովել գործի արդարացի քննությունը, օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու փոխարեն, Զ. Ս.-ի օգտին վերը նշված ապօրինի գործողությունների և անգործության համար 2025 թվականի ապրիլի 9-ին Գ. Խ.-ի միջոցով նրանից պահանջել է 3.892.500 ՀՀ դրամին համարժեք՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք:
Զ. Ս.-ն, համաձայնվելով դատավորին կաշառք տալու առաջարկին, 2025 թվականի ապրիլի 22-ին Գ. Խ.-ին է տվել պահանջված կաշառքի գումարը՝ այն դատավորին փոխանցելու նպատակով:
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրան օժանդակած Գ. Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Զ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե