Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա, Սրբուհի Գալյանի այցը ձախողվել է․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվությունը շատերին է նյարդայնացնում, անգամ՝ պետական պաշտոնյաների: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մտերիմին բողոքել է, թե մեզնից պահանջում են կնոջը նույն պատվին արժանացնել եւ նույնկերպ դիմավորել-ճանապարհել, ինչպես ամուսնուն ենք ընդունում-ճանապարհում:
Ասել է, որ հատկապես մարզային այցերի ժամանակ ողջ մարզը ոտքի են հանում, օրեր առաջ աշխատանքներ տանում, բոլոր կառույցներին «համար 1» հայտարարում, որ վարչապետական այցի արարողակարգով ընդունեն, եւ տիկինը դժգոհ չմնա։
Իսկ տիկինն անչափ ակտիվացել է` չկա օր, որ մի կառույց ու համայնք չայցելի: Այսօր էլ նրան սպասում են Շիրակի մարզում․ այցելելու է Գյումրի՝ մասնակցելու իր օգնական Վարդուհի Մանուկյանի որդու՝ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆո Սահակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառումը նախատեսված է Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի շենքում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 1 տոննա կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման 24 ամիսը կլրանա մայիսին։ Նախաքննական մարմինը, 30 ամիսը լրանալուց հետո, պետք է որոշում կայացնի. կա՛մ կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնի, կա՛մ գործը ուղարկվի դատարան։
Ասել է թե՝ նախաքննական մարմինը փակուղու առաջ է. գործը մինչև վերջ հնարավոր չէ բացահայտել, եւ տեւական ժամանակ է, ինչ գործով անցնող մեղադրյալներին իրավապահները չեն էլ «անհանգստացնում»։
Իսկ ինչպես ասել էր Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, հայտնաբերված զգալի քանակով կոկաինը «տեղում է», պահվում է ԱԱԾ-ում։
Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա.-ի եւ պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, սակայն քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել էր, եւ աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ էին արձակվել: Նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ի դեպ, այս բացահայտումից մեկ տարի անց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարել էր, որ կոկաինը եղել է 1 տոննայից ավելի, բայց փաստաթղթերի մեջ նշված է 730 կգ․ այդ դեպքում ի՞նչ է եղել 270 կգ-ն: Ըստ նախկին պատգամավորի՝ իր աշխատակիցներն են դա ստուգել, սակայն հետագայում հիշյալ 270 կգ-ի մասին որևէ տեղ չի նշվել. այն անհետացել է»։
«Հրապարակը» գրում է․
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ը գործուղվել էր ԱՄՆ, այցի նպատակը «Գործընկերություն՝ հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելն է եղել, սակայն նա դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերով փորձել է ԱՄՆ բարձրաստիճան կաբինետներում հանդիպումներ ունենալ, որ ցույց տան` ՀՀ իշխանությունները սերտ համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ: ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ սերտ աշխատած եւ ընտրություններում Քամալա Հարիսին պաշտպանած ՀՀ իշխանությունները Թրամփի ընտրվելուց հետո անհեթեթ վիճակում են հայտնվել եւ փորձում են իրենց սխալները շտկել, սակայն բոլոր ջանքերն անհաջողության են մատնվում:
Այդպես էլ ձախողվել է նաեւ Գալյանի այցը․ քառօրյա ուղեւորության ընթացքում միակ բանը, որ նա կարողացել է անել` ԱՄՆ պետքարտուղարությունում ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ (կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական), որը Մինսկի խմբի նախկին համանախագահն էր։ Ուշագրավ է, որ մինչ այս պահը ո՛չ այդ հանդիպման մասին, ո՛չ ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ չկա պաշտոնական հաղորդագրություն։ Հավանաբար, այնքան են նեղվել ցածր մակարդակի հանդիպման փաստից, որ գերադասել են լռել։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին էլ Փաշինյանն էր քառօրյա այցով ԱՄՆ մեկնել, որի ընթացքում կարողացավ միայն լուսանկարվել ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հարաբերությունները բավականին լարված են եղել մինչև Նազինյանի հեռանալը:
Հիշեցնենք՝ Սուրեն Նազինյանը ապրիլի 21-ին հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարի գրության հիման վրա իր և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։
«Ժողովուրդ» օրաթերթին առողջապահության նախարարությունից ոչ պաշտոնական խողովակներով լուրեր հասան, որ կենտրոնի տնօրենի և նախարար Ավանեսյանի միջև խոսակցությունն անգամ հասել է վիրավորանքների:
Պարզվում է՝ ներքին տարաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ նախարարը Նազինյանին հրահանգել է Բարսեղյան ազգանունով մեկի կազմած եզրակացության տակ ստորագրել, սակայն Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի:
Արդյունքում, այս թեման դարձել է ներքին կռիվների պատճառ, և Ավանեսյանը շունչը պահած սպասել է, թե երբ պետք է պայմանագրի ժամկետը Նազինյանի հետ ավարտվի ու նրան հրաժեշտ տա։ Այդ ընթացքում նախարարությունից «Ժողովուրդ»-ին շարունակ լուրեր էին հաղորդում, թե Նազինյանին Ավանեսյանը ցանկանում է հեռացնել աշխատանքից՝ գինարբուքների հաճախ մասնակցելու համար:
Ի դեպ, լուրեր կան, որ նախարար Ավանեսյանը դեռ Նազինյանին փոխարինող չի գտել եւ փնտրտուքների մեջ է»։