Շառաչուն ապտակ ՍԴ-ից, Ինչի՞ց են այդպես անհանգստացած Փաշինյանն ու կողքը հավաքվածները. Մամուլը՝ սուրճով

Շառաչուն ապտակ ՍԴ-ից, Ինչի՞ց են այդպես անհանգստացած Փաշինյանն ու կողքը հավաքվածները. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Սահմանադրական դատարանը, մոտ 3 տարի քննելով ապօրինի գույքի բռնագանձման դեմ օրենքի սահմանադրականության հարցը, երեկ վերջապես վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ:

Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, հրապարակել է վերոնշյալ գործով որոշումը, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Ստորև ներկայացնում ենք ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը 

«… Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները, դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Սա նշանակում է առաջինը այն, որ Դատախազությունը երբ հասնում էր հեռավոր 1991 թվականներ և հայտարարում, թե որևէ մեկի գույքը 90-ականներին է ձեռք բերված, էլ չի կարողանա դարձնել բռնագանձման առարկա:

ՍԴ-ն գրել է, որ պաշտոն զբաղեցնելու ժամանակ հանցավոր կապով ձեռք բերված գույքը միայն կարող է համարվել ապօրինի: Բացի դրանից, պիտի ապացուցեն, որ պաշտոնյան կաշառք է վերցրել, եւ այդ պահից սկսած՝ ձեռք բերված գույքը կարող է ապօրինի համարվել»։

 

«Հրապարակը» գրում է․  

Արցախի ԱԺ-ն երեքշաբթի օրն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պահպանեց Արցախի նախագահի պաշտոնը։ Ուշ երեկոյան հրավիրված նիստին 33 պատգամավորից 30-ը, այսինքն՝ բոլորը, ովքեր գտնվում են Հայաստանում, մասնակցել են։ Այդ թվում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները, որոնց բոյկոտի պատճառով Հայաստանում հրավիրված նիստերը տապալվում էին։ Ասում են՝ Սամվել Բաբայանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նախագահի լիազորությունները լրանալուց՝ մայիսի 21-ից հետո խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայնով:

Եթե առաջին փուլով չընտրվի, երկրորդում՝ 17 ձայնով։ Ուշագրավ է, որ Սամվել Շահրամանյանը չի հստակեցրել`  առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, միայն հորդորել է` ընդունել այդ փոփոխությունները, որ նախագահի ինստիտուտը չլուծարվի։

Ի դեպ, երեկ Արցախի ներկայացուցչության մոտ 2 տասնյակ ցուցարար էր հավաքվել, ըստ արցախցիների` Բաբայանի կողմնակիցներ, որոնք Շահրամանյանից պահանջում էին միասին գնալ դատախազություն եւ պարզել իր դիմումի ճակատագիրը։ Նա 2023 թ. նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ դատախազություն, որ Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ քրգործ հարուցվի՝ տարածված խոսակցություններին վերջ տալու համար: Արցախի նախագահի ցուցումով դատախազությանն էին տրամադրվել Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները: Ցուցարարները հայտարարել են՝ եթե Շահրամանյանը չի կարողանում թալանը վերադարձնել, թող հեռանա, Բաբայանը կգա՝ կանի։ Սրանով մի քանի խնդիր են  լուծում․ Բաբայանին նախագահ դարձնել եւ արցախցիների պայքարն ուղղորդել Արցախի իշխանությունների դեմ։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 29-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո, որը նվիրված էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, տպավորություն էր, որ իշխանությունը համեմատաբար «հանդարտ» պահվածք դրսևորեց: Ճիշտ է, որոշ քպականների ու սատելիտների միջոցով շարունակեցին հակաարցախյան իրենց քարոզչությունը, բայց ծավալները սկզբում ավելի փոքր էին:

Սա զարմանալի էր այն առումով, որ, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները թշնամաբար են տրամադրված արցախցիների հանդեպ, նրանք միշտ սարսափել են արցախցիների կազմակերպվածության ու համախմբվածության հնարավորությունից, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ նրանք կա՛մ հեռանան Հայաստանից, կա՛մ մնան, բայց ցրված լինեն երկրով մեկ: Իրականում, մեր տեղեկություններով, սկզբնական «հանդարտության» պատճառն այն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը վստահություն է ունեցել, թե մասնակի սոցիալական «ժեստեր» կանեն, ու արցախցիների մեծ մասն այլևս փողոց դուրս չի գա, և միտինգավորները կցրվեն: Դրա համար նախ հայտարարեցին 40+10 հազարական դրամների հատկացման ժամկետը մեկ ամսով երկարաձգելու մասին:

Սակայն արցախցիները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենց հնարավոր չէ «ֆռացնել», որ իրենք հանձնվող տեսակ չեն, որ իրենց պայքարը շատ ավելի խորքային է, քան սոսկ սոցիալականը: Արդյունքում իշխանությունները փորձեցին ևս մեկ «ժեստ» անել՝ մեկ ամսով էլ նշյալ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգել՝ պայմանով, որ վրանները հավաքեն: Հասկանալի է, որ ի դեմս վրանների՝ Նիկոլ Փաշինյանը պայքարի բյուրեղացման օջախ է տեսնում, ինչից պարզապես սարսափում է: Սակայն դա էլ որևէ արդյունք չի տալիս, և քանի որ արցախցիների պայքարը լրջորեն անհանգստացնում է Փաշինյանին ու իր կողքը հավաքվածներին, նրանք ավելի ու ավելի թեժ քարոզչական պատերազմ են սկսել արցախցիների դեմ: