Գոռացել է՝ թաքստոց, զինվորները մտել են, իսկ ինքը հետ է վազել, հրետանու ճոպանը քաշել ու մինչև կհասներ «բլինդաժ», ԱԹՍ-ը խփել է
Երեք քույրերի եղբայր, 22-ամյա լեյտենանտ Մանուկ Միքայելյանը հրետանավոր էր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերվանից մինչև 14-ի ժամը 12-ը Մանուկը կրակ էր թափում թշնամու՝ Հայաստանի Սյունիքի մարզի խորքը ներթափանցել փորձող ստորաբաժանումների վրա: «Կրա՛կ»-ի վերջին հրամանը Մանուկի ձեռամբ կատարվել է սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12-ի կողմերը:
«Որ գոռացել է՝ թաքստոց, զինվորները մտել են, իսկ ինքը հետ է վազել, հրետանու ճոպանը քաշել ու մինչև կհասներ բլինդաժ, ԱԹՍ-ը խփել է: Հենհց բլինդաժի մուտքի մոտ Մանուկը՝ իր երեք զինվորների հետ, զոհվել է, մեկի վիճակն է ծայրահեղ ծանր է»,-«Փաստինֆո»-ին պատմում է Մանուկի ազգականը՝ Արկադին:
Մեր զրուցակցի պատմելով՝ Մանուկը զինվորական դառնալու մասին երազում էր մանկուց: Որդու երազանքը ի կատար ածելու համար մայրը ոչինչ չէր խնայել. դժվարությամբ միայնակ մեծացրել, հետո էլ կրթության էր տվել:
«Որ Մանուկին ասում էր՝ բա որ գնաս ծառայության, ես ի՞նչ եմ անելու մենակ, Մանուկն ասում էր՝ չմտածես, մամ, ուր է գնամ, հետս տանելու եմ քեզ... Հիմա խեղճ կինը լրիվ մենակ է մնացել... ինքն էլ հիվանդ է»,-ասում է Արկադին:
Մանուկը չէր սիրում ոչ լուսանկարվել, ոչ էլ հեռախոսով խոսել, բայց զոհվելուց մի քանի ժամ առաջ մորը զանգել ու տեսակապով խոսել էր:
«Ամսի 13-ին հետը խոսել եմ ես, ասաց՝ նորմալ է ամեն ինչ, մի անհանգստացեք: Հաջորդ օրն առավոտյան՝ 7:30-ի կողմերը, վայբերով զանգեց, մոր հետ խոսեց: Բոլորս զարմացել էինք, քանի որ ինքը ոչ մի անգամ նման բան չէր անում: Սիսիանում եղած ժամանակ մայրն ինչքան խնդրում էր, որ տեսակապով խոսի, խուսափում էր, բայց այդ օրը զանգեց...Հետո իմացանք, որ դրանից մի քանի ժամ անց էլ զովել է»,-հիշում է Արկադին:
Մանուկը Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղից էր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո ծառայության էր անցել՝ նախ Գորիսում, ապա տեղափոխվել էր Կապան, այնտեղից էլ՝ Սիսիան: