Եղանակը քիչ էր, հիմա էլ տեխհսկողներն են «քցում» Ավինյանին

Քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը նորից անդրադարձավ փոսալցումների խնդրին ու գրեթե զայրանալով հանձնարարեց՝ էս շաբաթ ավարտեք։
«Մյուս շաբաթ էս հարցը, որ տրվի, ասվի` «վսյո, ունենք տեխհսկող, աշխատում ենք»,-համարյա ձեռքը սեղանին խփելով հանձնարարեց քաղաքապետ Ավինյանը։
Բայց խնդիրը դեռ միայն տեխհսկող գտնելու մեջ է, ոչ թե փոսալցումներն ավարտելու։
Շինբարեկարգման վարչության պետի ԺՊ Արմեն Հարությունյանը MediaHub-ին ասել էր, որ փոսալցումները նախատեսում են ավարտել մինչև աշուն, այսինքն՝ ամբողջ ամառը անցկացնելու են մայրաքաղաքի փոսերը նորոգելով։ Այսպիսի խայտառակ վիճակում մայրաքաղաքի ճանապարհները նույնիսկ այս իշխանությունների սիրելի նախկինների օրոք չէին եղել։ Առաջ էլ մի բան չէր, բայց առաջ Կամո Արեյանը, օրինակ, որ տեսնում էր՝ մի տեղ մի խնդիր կա, անձամբ գալիս այդ խնդիրը լուծում էր։ Նման մի դեպքի ինքներս ենք ականատես եղել, երբ Շրջանայինի գետնանցումի պոկված սալիկները նկատեցինք, այդ մասին բարձրաձայնեցինք համացանցում, և րոպեներ անց այն ժամանակվա փոխքաղաքապետ Կամո Արեյանն արձագանքեց մեր բարձրաձայնած խնդրին, խնդրեց՝ սպասել տեղում, մոտեցավ և անձամբ կազմակերպեց, որ լուծվի խնդիրը։ Եւ լուծվեց։
Հիմա Կամո Արեյանն այլևս առաջվա Կամո Արեյանը չէ՝ նախ, փոխքաղաքապետ չէ այլևս, ընդամենը խորհրդական է, երկրորդ՝ երևի էլ առաջվա արեյանական «հմայքը» չունի, հոգնել է, կամ թիմը թիմ չէ՝ ինչ խորհուրդ էլ տալիս է, մեկ է՝ կատարող անձինք չեն կարողանում ճիշտ կազմակերպել։ Իսկ թիմը, հիրավի, մի փոքր ոնց որ այդքան էլ չի կարողանում տարրական տենդերի կամ տեխհսկողի գործընթաց կազմակերպել։
«Փոսալցման հետ կապված՝ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիրը լուծվել է, նոր պայմանագիր այսօր կկնքենք և արդեն կշարունակենք մեր փոսային աշխատանքները Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ վարչական շրջաններում»,- տեխհսկողի մասով խնդրի հետ կապված հայտարարեց Շինբարեկարգման վարչության պետի ԺՊ Արմեն Հարությունյանը։
Նրա խոսքից հետո պարզվեց՝ մյուս վարչական շրջաններում էլ նույն խնդիրը կա, քանզի գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները խոստովանեցին, որ նախկին տեխհսկողի հետ պայմանագիրը լուծել են և դիմել են, որ նոր տեխհսկողի հետ պայմանագիր կնքեն։ Ու խոստովանեցին՝ կազուսային իրավիճակ է իրենց մոտ, ինչին ի պատասխան Ավինյանը չգիտեր ինչ ասել։
Ստացվում է՝ եղանակը իր կողմից է «քաշում» քաղաքային իշխանություններին, էն նախկինները մի կողմից են խոչընդոտում, որ համակարգը աշխատի (երևի), էս տեխհսկողներն էլ իրենց կողմից են «քցում» Ավինյանին և իր թիմին, որ չկարողանան գոնե մինչև ամառվա վերջ փոսալցումներն ավարտել։ Էլ չենք խոսում ռուս-ուկրաինական պատերազմի մասին, որ դա էլ իր հերթին, ոնց էլ չլինի, աշխարհաքաղաքական խոչընդոտներ կառաջացնի ՀՀ ինքնիշխան մայրաքաղաքի փսսալցումների աշխատանքների արագ իրականացման հարցում։ Հնարավոր է՝ այդ տեխհսկողները ինչ-որ պրոռուսական ուժեր են և սաբոտաժ են անում։
Մի խոսքով՝ քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ օր առաջ ավարտեն փոսալցման աշխատանքները, որոնք, իրականում, ամիսներ առաջ պիտի ավարտած լինեին, բայց փաթեթով խնդիրներ է, որ առաջացնում են կողքից եղանակը, տեխհսկողներն ու մնացածը։ Դրա համար էլ Ավինյանը նորից գրեթե ձեռքը սեղանին խփելով՝ հորդորեց տեխհսկողների դարդը չլացել, մի քիչ էլ իրենց մասին մտածել․ «Էդքան իրանց դարդը մի՛ լացեք, ամենայն հարգանքով, մեր խնդիրը մեր աշխատանքներն առաջ տանելն ա։ Մի հատ քննարկեք իրար հետ ու էսօր խնդիրը լուծեք»։
Վահե Մակարյան