Ադրբեջանը թույլտվություն չի տվել ռուսական ինքնաթիռի թռիչքին. ի՞նչ է կատարվում

Ադրբեջանը թույլտվություն չի տվել ռուսական ինքնաթիռի թռիչքին. ի՞նչ է կատարվում

Ural Airlines ավիաընկերությունը չի կարողացել թռիչքներ սկսել Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկի օդանավակայանից դեպի Բաքու՝ Ադրբեջանի թույլտվության բացակայության պատճառով. RBC-ին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։

«Թռիչքը չի կայացել, քանի որ Ադրբեջանի ավիացիոն իշխանությունները դրա համար թույլտվություն չեն տվել, չնայած այն հանգամանքին, որ Ural Airlines-ն ունի ուղղություն, ինչպես նաև բոլոր տեխնիկական հնարավորությունները՝ թռիչքն իրականացնելու համար։ Ադրբեջանի ավիացիոն իշխանությունները չեն նշել, թե որն է այս որոշման պատճառը։ Մերժման պատճառներ չկան, քանի որ Ural Airlines-ը նշանակված փոխադրող է, որն ունի բոլոր իրավունքները և փոխադրման համար սահմանափակումներ չունի: Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Բաքու Եկատերինբուրգից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպի Բաքու առաջին թռիչքը պետք է իրականացվեր նախօրեին՝ փետրվարի 8-ին։ Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, քանի որ ինքնաթիռն օդ չի բարձրացել Մոսկվայից, ուղևորները մեկ օրից ավելի չեն կարողացել հետադարձ չվերթ կատարել Բաքվից դեպի Ռուսաստանի մայրաքաղաք։ Այն առանց բացատրության հետաձգվել է անորոշ ժամանակով, ավիաընկերությունը չի բացատրել իրավիճակը, գրում է աղբյուրը։ Թեժ գիծը խորհուրդ է տվել ուղևորներին վերադարձնել տոմսերը։