Փաշինյանի վտանգավոր տողատակը

Փաշինյանի վտանգավոր տողատակը

«Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանին միացնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող ուղղակի կոչեր։ Այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ»,- երեկ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Պաշտոնական Բաքուն, ըստ էության, խաղաղության պայմանագրի ստորագրման ևս մեկ նախապայման առաջ քաշեց, ու դա վստահաբար վերջինը չէ:

Ի՞նչ եք կարծում, երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը պատասխանե՞ց Ալիևին, ցրե՞ց մեր հասարակության մտահոգությունները, որ նոր Սահմանադրությունն ընդունվում է Բաքվի պահանջով: Ճիշտ հակառակը, Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանը մեր Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը համեմատում էր «կարմիր զգեստի» հետ, որը գրգռում է մեր հարևաններին:

«Ուղղակի առակի լեզվով խոսելու տրամաբանության մեջ պատկերացրեք՝ մենք իրար հետ երկուսով քայլում ենք մի ճանապարհով և մենք պիտի ա կետից գնանք բ կետը: Իրար հետ գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, մենք այդ ճանապարհով քայլում ենք և տեսնում, որ ճանապարհի երկու եզրերին ցուլ է կանգնած, և նայում ենք իրար՝ տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք»,- ասում էր նա՝ հավելելով, թե «...մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք»

Ընդ որում, Փաշինյանը ոչ մի երաշխիք չի տալիս, թե «կարմիր զգեստը» փոխելով՝ վերացնում ենք անվտանգային ռիսկերը: 

«Այսինքն՝ այդ կարմիր շորի հարցն է պետք լուծել, բայց կարմիր շորը փոխելով, այլ երանգի շորով՝ մենք երաշխիք չենք ստանում, կարմիր շորով մենք նեգատիվ երաշխիք ենք ստանում, մյուս շորով մենք շանս ենք ստանում, բայց ոչ երաշխիք: Եվ եթե գրագետ գործենք, այդ շանսը կդարձնենք երաշխիք»:

Անթույլատրելի է Սահմանադրության մասին նման խոսույթով ապալեգիտիմացնել մեր պետականությունը և լեգիտիմացնել Ալիևի ագրեսիվ օրակարգը:

Վահրամ Բագրատյան