Որդուս առաջարկ չի եղել Նոր Նորքի ղեկավար դառնալու․ կարող ա՝ լինի, կարող ա՝ չէ․ Հովիկ Աղազարյան

Այս պահին որդուս առաջարկ չի եղել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար դառնալու։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանի փոխարեն իր որդին՝ Հովսեփ Աղազարյանն է նշանակվելու։
Հիշեցնենք, որ Հովսեփ Աղազարյանն այժմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։ Դիտարկմանը, թե ինչպե՞ս են նման տեղեկություններ հասնում լրատվականներին՝ Աղազարյանը պատասխանեց՝ լուրերը ենթադրություններ են։ «Կարող ա՝ լինի, կարող ա՝ չլինի, հիմա ես կարող եմ դա ասել, բայց էս պահին ոչինչ չկա»։
Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ առաջիկայում քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ կլինեն։ Այս պահին հնարավոր փոփոխությունները քննարկվում են, սակայն վերջնական որոշում կկայացվի այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարան կայցելի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը փաստացի քաղաքապետն է:
Այս պահին հստակ է, որ աշխատանքից ազատվելու են վարչական շրջանների մի քանի ղեկավարներ, իսկ նրանց փոխարեն այդ պաշտոններին կնշանակվեն քաղաքապետարանի աշխատակիցներ և հակառակը։ Մեր տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արամ Դանիելյանը կնշանակվի ԳԱՍԿ-ի պետ : Կփոխվի նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:
Լիաննա Թորոսյան