ԱՀԿ-ից պահանջել եմ հասցեական արձագանք ՇՕ մեքենան գնդակոծելու՝ Ադրբեջանի գործողություններին

ԱՀԿ-ից պահանջել եմ հասցեական արձագանք ՇՕ մեքենան գնդակոծելու՝ Ադրբեջանի գործողություններին

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչից պահանջել եմ, որ հասցեական արձագանքի շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակ բացած Ադրբեջանի զինված ուժերի հակաիրավական գործողություններին, հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Այսօր՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:

Այս հանցավոր գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև վիրավորում ստացած հայ զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Հերթական անգամ թիրախավորելով մասնագիտական պարտականությունները կատարող բուժաշխատողներին և շտապօգնության մեքենան՝ Ադրբեջանը կոպտագույնս խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիայի դրույթները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հրատապ գրություն եմ ուղարկել ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին՝ ահազանգելով դեպքի մասին և ակնկալելով հանդես գալ հասցեական և կոնկրետ հրապարակային հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման առնչությամբ»,- գրել է Թագուհի Թովմասյանը։