«Հրապարակը» գրում է․
Մինչ ընդդիմության դաշտում շարունակում են միմյանց միս կրծել, իսկ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացն այդպես էլ օրակարգ չի բարձրանում, ՔՊ-ում ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են: Առայժմ՝ ՔՊ վարչության սեպտեմբերյան ընտրություններին ընդառաջ, որից հետո կլծվեն նաեւ համապետական ընտրությունների քարոզարշավին։ Հունիսի կեսերից սկսվելու են վարչության անդամության թեկնածուների առաջադրումները, ՔՊ-ում կանխատեսում են, որ այս անգամ հարյուրից ավելի թեկնածու է լինելու։ Ներկայում մոտ 50 հոգու անուն է շրջանառվում՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների ակտիվ ՔՊ-ականներ, որոնք վերջին օրերին մեկը մյուսին հերթ չտալով՝ մեկնում են մարզեր, հանդիպումներ ունենում մարզային կազմակերպությունների, տարածքային կառույցների անդամների հետ: Երբեմն միմյանց դեմ անուղղակի «բոչկա են գլորում», որպեսզի տարածքային կառույցների անդամների սիրտը շահեն` նրանք ՔՊ ղեկավար մարմնի ընտրիչներն են եւ մասնակցելու են վարչության ընտրություններին։
Բանն այն է, որ միայն վարչության ընտրություններից հետո է հայտնի դառնալու նաեւ խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակը, եւ մեխանիկորեն` ովքեր դառնան վարչության անդամ, բարձր դիրքեր կզբաղեցնեն նաեւ ԱԺ նախընտրական ցանկում։ Ի դեպ, ՔՊ-ականներն այսօր մեկնարկող ԱԺ նիստին էլ են մարտական ներկայանալու, նրանք չեն մարսել Լեւոն Քոչարյանի՝ անցած քառօրյային ունեցած ելույթը եւ որոշել են կռիվ սադրել, որ ընդդիմությանը եւ հատկապես Լեւոն Քոչարյանին պատժելու լեգիտիմ հիմք ունենան՝ Փաշինյանի հասցեին կոշտ գնահատականների համար։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բավականին սրամիտ, կարելի է ասել՝ բազմագալար հնարք են սկսել իշխանական ու մերձիշխանական քարոզիչները: Ինչի՞ մասին է խոսքը: Որոշակի սոցցանցային հարթակներում, այսպես ասած՝ «ֆեյք» էջերի կամ նույնիսկ որոշ կիսասատելիտների միջոցով, որոնք իբր «հականիկոլական» են կամ դիրքավորվում են «հակաբոլորական», բայց իրականում աշխատում են հօգուտ Փաշինյանի, վերջինիս լուսանկարը կամ պարզապես անունն սկսում են օգտագործել նրա քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու համար:
Եթե դա մեկ կամ երկու դեպք լիներ, միգուցե կարելի էր համարել պատահականություն: Բայց խոսքը կոնկրետ «գծի» ու հետևողական դրսևորման մասին է: Վերցնում են Փաշինյանի լուսանկարը, «կցում» են որևէ ընդդիմադիր գործչի նկար, ու նույնիսկ կարևոր էլ չի, թե ինչ տեքստ է գրված: Հաշվարկը թերևս այն է, որ վիզուալ առումով կարող է տվյալ ընդդիմադիր գործիչն ասոցացվել Փաշինյանի հետ: Ու որպեսզի վրիպում չլինի, հրապարակման ներքո «ֆեյք» կամ ոչ ֆեյք օգտատերերի միջոցով ծավալում են մեկնաբանությունների «շքերթ», որոնց առանցքային շեշտադրումը Փաշինյանի նկարի հետ պատկերված հակափաշինյանական գործչին մրոտելն է՝ առնվազն «բոլորն էլ նույնն են» մեկնաբանություններ կորզելով: Ու միայն լուսանկարներով կամ վիզուալ առումով չի այդ հնարքը դրսևորվում:
Ընդհանրապես, հրապարակ են նետվում տարբեր «գործիքներ»՝ նշյալ թեզը տարածելու կամ պարզապես ինչ-որ կերպ օրվա իշխանություններին ու ընդդիմադիր տարբեր գործիչներին մեկ հարթակի վրա դնելու համար:
Ի՞նչ են հուշում դիտարկված այդ դրսևորումները: Դրանք հուշում են, որ Փաշինյանն ու նրա քարոզչաքաղաքական սատելիտները բոլորից լավ են գիտակցում, թե իշխանությունն ինչ աստիճանի է վարկաբեկված: Նրանք հասկանում են, որ ցանկացած մեկին վարկաբեկելու ուղիղ ճանապարհը այդ գործչին որևէ կերպ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մի հարթակի վրա դնելն է, առավել ևս՝ լուսանկարներն իրար հետ դնելն ու «բոլորն էլ նույնն են» անհեթեթությունը տարածելը: Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց վարկաբեկվածությունը փորձում են օգտագործել կամ հենց օգտագործում են որպես հակաքարոզչական «գործիք»:
«Հրապարակը» գրում է․
Մայիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, կալանքից ազատել է Երեւանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին․ Արամ Գյուլզադյանին, Արսեն Կարոյանին, նաեւ քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներին՝ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանին եւ նրա տեղակալ Արամ Այվազյանին։ Ի դեպ, այս գործով անցնում է նաեւ հողի վերահսկողության վարչության պետի գործող տեղակալ Միքայել Ղիմոյանը, որի նկատմամբ Վերաքննիչ դատարանն ամիսներ առաջ էր տնային կալանք ընտրել։ Գյուլզադյանի պաշտպան Հայկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալի եւ Արսեն Կարոյանի նկատմամբ խափանման միջոց են ընտրվել վարչական հսկողությունը եւ գրավը՝ 10 միլիոն դրամի չափով, եւ բացակայելու արգելք, իսկ Ռոբերտ Դարբինյանի եւ Արամ Այվազյանի նկատմամբ՝ տնային կալանքը, Ղիմոյանի խափանման միջոցը մնացել է նույնը։ Մայիսի 21-ի նիստում քննվել է միայն խափանման միջոցի հարցը:
Եվ չնայած դատախազն առարկել է, բայց միջնորդությունը բավարարվել է։ Գործում 7 մեղադրյալ կա, որոնցից 5-ը քաղաքապետարանի ներկա եւ նախկին աշխատակիցներն են, մեկն Արաբկիր վարչական շրջանի աշխատակից է, եւ մեկ քաղաքացի։ Նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի, Գյուլզադյանն ավելի քան 500 հազար դրամի կաշառք է ստացել՝ ինչ-որ գործարք անելու համար։ Ի դեպ, Գյուլզադյանը, Տիգրան Ավինյանի որոշմամբ, 2020-ին պարգեւատրվել էր Երեւանի 2800-ամյակի հուշամեդալով: Նա նախկին ՀՀԿ-ական է, 2018-ին ՔՊ-ական է դարձել։ Այս գործից բացի, մի շարք վարույթներ կան` կապված Շենգավիթ, Կենտրոն, Նոր Նորք վարչական շրջանների, նաեւ՝ քաղաքապետարանի այլ վարչությունների հետ։