Փաշինյանը խուսափում է ՔՊ խմբակցության հետ հանդիպումից, Օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ․ Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը խուսափում է ՔՊ խմբակցության հետ հանդիպումից, Օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով արդեն տեւական ժամանակ է, ինչ հետաձգում է ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումը: Դեռ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորները սպասում էին Նիկոլ Փաշինյանին, որ գնա ԱԺ եւ փակ հանդիպման ժամանակ վերջապես տա իրենց հուզող հարցերի պատասխանները:

Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորներն անգամ դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որ վերջինս կազմակերպի հանդիպումը. նա էլ իր հերթին է ասել, որ վարչապետը զբաղված է, բայց վստահեցրել է՝ առաջիկայում կգա հանդիպման:

Հավանաբար, արդյունքները Փաշինյանի համար եւս գոհացուցիչ չեն եղել ու չգիտի՝ ինչ ներկայացնի պատգամավորներին, այդ պատճառով էլ խուսափում է հանդիպումներից»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Օրերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի համերկրացի Վահե Ղալումյանի գլխավորությամբ, եռօրյա այց են կատարել Սյունիք: Կազմում Ղալումյանի գլխավորած ԱԺ տարածքային հարցերի հանձնաժողովի իշխանական անդամներն են եղել, որոնք հանդիպումներ են ունեցել համայնքներում։ ԱԺ-ն այցի մասին հաղորդել է․ «Ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերին, քննարկել համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետության հարցը, հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել ԶՊՄԿ»: Սակայն այցն այնքան էլ աշխատանքային չի եղել՝ պատգամավորները սեփական նախաձեռնությամբ չեն այցելել Սյունիք:

Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից: Այս այցը եղել է ՄԱԿ-ի Զարգացման «Հայաստանի խորհրդարանի արձագանքման արդյունավետության թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում։ Սյունիքն առաջին մարզն է, լուր կա, որ լինելու են նաեւ մյուսներում։ Ի դեպ, այդ հանձնաժողովի անդամ, սյունեցի, Արայիկ Հարությունյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող նկարիչ Դավիթ Դանիելյանը եռօրյա այցի մոդերատորն է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«18․10․2018թ․, ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. Ես արդեն հայտնել եմ որ Հայաստանում օլիգարխներ չկան: Այնուհետեւ՝ 30․11․2018թ․, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հրազդանում հայտարարեց. «Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից»:

Սակայն իրականում հենց իր խմբակցության ներսում կան գործարարներ, որոնք ուղիղ զդում են իշխող ուժի որոշումների վրա: Բացի այդ, հենց օրինակ՝ Գուրգեն Արսենյանը բազմիցս հայտարարել է, որ մենք ընդունել ենք այս որոշումը կամ այն որոշումը:

Այսինքն՝ գործարար պատգամավորը խոստովանել է, որ ինքը լինելով գործարար, մասնակից է կառավարական որոշումների կայացմանը: Բացի այդ, Ժողովուրդ օրաթերթը նեկայացնում է, որ այսօր կա օրինակ մեկ այլ գործարար, որի մասին նախկինում ոչինչ հայտնի չէր, մեկ էլ հանկարծ լսում ենք Նարեկ Նալբանդյան անուն ազգանունը, որը պետությունից փակովի տարբերակով գնում է նախկին ՊԵԿ նախագահի պետությանը նվիրաբերած Գոլդեն Փելես հյուրանոցային համալիրը:

Հետո լսեցինք, որ նա գնել է նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ոսկեզօծ տունը՝ դարձյալ ամիս-ամիս փակովի տարբերակով: Նիկոլ Փաշինյանն էլ հաճախ հայտնվում է իր ստեղծած օլիգարխի այս կամ այն օբյեկտի բացման արարողությանը: Բա ասում էիր օլգարխներ չկան այլեւս. այո կան, բայց այլ դեմքերով»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ ՆԳՆ-ում մասնակցում էր ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Նա հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկաններին, շնորհակալություն հայտնել իրենց աշխատանքի համար: Ապա իր ծավալուն եւ մանվածապատ ելույթում կարեւոր ուղերձ է հղել` կանաչ լույս վառելով ոստիկանության հետագա վայրագությունների համար:

Ասել է. «Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք եւ հնարավորություն չունենա, այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ»:

Ի դեպ, այն պահին, երբ այս խոսքերն էին հնչում, Հակոբ Ասլանյանին տրանսպորտում վիրավորած երիտասարդին ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար ծեծի էին ենթարկում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 12-ին տեղի ունեցած «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել իրավապահների կողմից։ Չի բացառվում, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնյաների կալանավորի, քանի որ վթարը 4 զինվորի կյանք է խլել, որոնցից որեւէ մեկը սաղավարտ չի կրել:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետեւանքով 4 զինծառայողների մահվան եւ մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ վարութային գործողություններ։

Մասնավորապես՝ առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության եւ պահպանության համար պատասխանատուներ»։