Հասել ենք մի կետի, երբ տեղահանվածների մասին խոսում են որպես վիճակագրական միավորների և հաշվետվությունների թվերի

«Ավելի մեծ պարտություն եկավ հետո, երբ մեր իսկ հայրենիքում արցախցիների ցավը վերածվեց լոկ քննարկման նյութի՝ քաղաքական հռետորաբանության, մեդիայի բովանդակության, պաշտոնական ելույթների։ Մենք ականատես եղանք, թե ինչպես մի ժողովուրդ, որին զրկեցին իր տնից, սկսեց նաև զրկվել իր պատմությունից, իր արժանապատվությունից, իր ձայնից։ Եվ ամենասարսափելին այն էր, որ այդ ձայնը փորձեցին լռեցնել ոչ միայն օտարները, այլև մենք՝ մեր իսկ երկրում»,- MediaHub-ին իր մտահոգությունն է հայտնում վերլուծաբան Գեորգի Իսրայելյանը։
Նշենք, որ մարտի 29-ին Արցախից բռնի տեղահանվածներն Ազատության հրապարակում մեծ հանրահավաք են կազմակերպել, որին նախնական հաշվարկով մասնակցել է մոտ 10 հազար քաղաքացի։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել սոցիալական աջակցության ծրագրերի, քաղաքացիության, հավաքական վերադարձի իրավունքի, Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ու պետության անգործության մասին։
«Ցավն ավելի ծանր է, քան կորուստը, ավելի անտանելի, քան վիշտը։ Դա այն ցավն է, երբ մարդն իրեն մենակ է զգում իր իսկ երկրում։ Մենք ապրել ենք մի օր, որը երբեք չպետք է գար։ Մի օր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված էին թողնել իրենց տները՝ առանց իմանալու, թե որտեղ կանցկացնեն հաջորդ գիշերը։ Այդ օրը մենք բոլորս պարտվեցինք։ Որտե՞ղ ենք մենք այսօր։ Հասել ենք մի կետի, երբ սեփական երկրի տեղահանված քաղաքացիների ցավն արժեզրկվում է։ Հասել ենք մի կետի, երբ նրանց մասին խոսում են ոչ թե որպես հայրենիքի կորցրած զավակների, այլ որպես վիճակագրական միավորների, պետական բյուջեի ծանրության, հաշվետվությունների թվերի։ Մարդիկ, որոնք կորցրել են իրենց տունը, այսօր ստիպված են պայքարել ևս մեկ պատերազմում, արդարացման պատերազմում։ Հիմա ասում են՝ փախստականներին ֆինանսական աջակցություն է տրվել։ Ասում են՝ նրանք օգնություն են ստացել, ասես այս կորստի գինը կարելի է չափել գումարով, ասես հայրենիքի կորուստը կարող է փոխհատուցվել թվերով։ Սրանք այն խոսքերն են, որոնք ավելի են վիրավորում, քան լռությունը։ Ինչպե՞ս կարելի է տեղահանվածի ճակատին փակցնել թվերի պիտակ։ Ինչպե՞ս կարելի է մարդկանց հայրենիքը նվազեցնել պետական օգնության փոշոտ հաշվետվությունների։ Չմոռանանք՝ հայրենիքը թիվ չէ, հայրենիքը փող չէ, հայրենիքը գույք չէ, որին կարելի է գնահատական տալ ու ասել՝ «այսքանը հատկացրել ենք, խնդիրն ավարտված է»»,- ընդգծում է մեր զրուցակիցը։
Նա նաև երախտագիտությամբ է խոսում այն մարդկանց մասին, որոնց համար Արցախի կորուստը ոչ թե նոր կամ «իրական Հայաստանի» փրկությունն է, այլև Հայաստանի գահավիժման սկիզբը։
Հասարակության կենսունակ հատվածը գիտակցում է, որ Արցախը դարպասն էր մայր հայրենիքի։
«Հայրենիքը հոգի է, այն տունն է, որ այլևս գոյություն չունի, այն հողն է, որից մարդուն պոկել են, այն հիշողությունն է, որ գիշերները չի թողնում քնել։ Այսօր ես դատապարտում եմ այն մտածողությունը, որը մարդկանց ստիպում է զգալ որպես «օգնություն ստացողներ» սեփական երկրում։ Ես դատապարտում եմ այն, որ հարյուր հազարավոր տեղահանվածներ դարձել են ոչ թե երկրի սիրտը, այլ երկրի «բեռը»։ Ես դատապարտում եմ այն, որ մենք ականջալուր չենք նրանց ձայնին, այլ միայն հաշվարկում ենք նրանց գոյությունը։ Եվ ամենակարևորը՝ ես հիշեցնում եմ. ոչ մի տուն, ոչ մի հայրենիք չի կարող փոխարինվել գումարով։ Ոչ մի աջակցություն չի կարող վերադարձնել այն, ինչ մարդուց խլել են։ Իսկ ամենամեծ աջակցությունը ճշմարտությունն է։ Եվ եթե մենք թույլ տանք, որ ճշմարտությունը լռեցվի, եթե մենք մեր իսկ ժողովրդի ցավը վերածենք հաշվետվության, ապա ոչ թե նրանք են լինելու մոռացված, այլ մենք ենք լինելու կորած»,- հավելեց Իսրայելյանը։
Հունան Թադևոսյան