Եկեղեցին ծաղկեցնողը անկախության սերունդը պիտի լինի․ Տ․ Պարույր ավագ քահանա Ավետիսյան (ֆոտոշարք)

Եկեղեցին ծաղկեցնողը անկախության սերունդը պիտի լինի․ Տ․ Պարույր ավագ քահանա Ավետիսյան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:

Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Տեր Պարույր ավագ քահանա Ավետիսյան՝ Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն

«1990 թվականի գարնանային մի արևոտ ու պայծառ կիրակի էր, երբ տասնհինգ տարեկանում առաջին անգամ ոտք դրեցի Աստծո տան մեջ ոչ թե պարզապես մոմ վառելու կամ սրբանկարների առջև ինչ-որ աղոթք մրմնջալու, այլ որպես աշակերտ ծառայություն մատուցելու և նույնիսկ թույլտվություն ստանալու խորան բարձրանալ: Սրբավայրը հարազատ ծննդավայրիս Վաղարշապատի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին էր, քաղաքի միակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Սբ.Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ հինավուրց վանքերի կողքին:

Խոնարհ սպասավորության կոչվելու այս հնարավորությունը մեծագույն նվերն էր, որ երբևէ ընդունել էի, քանի որ իմ պատանեկան պատկերացումներով եկեղեցու խորանին ծառայելն առանձնահատուկ պատիվ է վերապահված միայն ընտրյալներին: Եկեղեցու հոգևոր միջավայրը, ծիսական արարողություններն ու ժամերգությունները, բուրվառից ծխացող անուշաբույր խունկի հոտը, շարականների երգեցողությունը, հավատացյալների բարեպաշտությունը և սարկավագական շապիկ հագած երեխաների մանկական շուրթերից հնչող սաղմոսերգությունը, որ գլուխները վեր ձգած հազիվ կարդում էին խորանին դրված գրակալի ժամագրքից, խորապես տպավորեցին ինձ և լուսավոր ուղի բացեցին ինձ համար դեպի հոգևոր սպասավորության ասպարեզ: Այդ պահին չէի էլ գիտակցում, որ Աստված է կանչում ինձ և իր աներևույթ Աջով առաջնորդում դեպի Իր տուն ծառայության:

Սբ. Աստվածածին եկեղեցին, որ գտնվում էր քաղաքի մարդաշատ շուկա տանող բանուկ թաղամասերի գողտրիկ խաչմերուկում, այցելուների պակաս չէր զգում: Նրա կանաչապատ, մաքուր բակը սիրելի հանգստավայր էր ինչպես մեծահասակների, այնպես և երիտասարդների ու հատկապես երեխաների համար: Բայց եկեղեցու եռուզեռը հիմնականում ապահովում էին խորանին սպասավորող բազմաթիվ աշակերտները, որոնք առավոտյան և երեկոյան ժամերգություններին մասնակցելուց բացի, օրվա որոշակի ժամերի եկեղեցու հովվատանը կամ նրա հարևանությամբ գտնվող բացօթյա կանաչապատ տաղավարում անցկացնում էին հոգևոր պատրաստության դասընթացներ: Տարիների հեռավորությունից կարոտով ու քաղցրությամբ եմ հիշում մեր դասերը. գրում էինք թելադրություններ, տարբեր թեմաներով շարադրություններ, ուսումնասիրում էինք մեր ժողովրդի հին ու նոր պատմության կարևորագույն դեպքերի, իրադարձությունների շուրջ, մտորում, թե ինչու ենք ուզում դառնալ հոգևորական: Տպավորիչ ու խորհրդավոր էին հատկապես սաղմոսերգության, շարականագիտության և հոգևոր երգեցողության դասընթացները, որոնք գերազանցապես տեղի էին ունենում եկեղեցում:

Հոգևոր լիցքերով ու աշխուժով լեցուն այս միջավայրը նման էր դպրանոցի, որի լուսավոր հարկի տակ մտնող ամեն պատանի իրեն լիարժեք աշակերտ էր զգում՝ միջնակարգ դպրոցին զուգահեռ: Իսկ այս նորահայտ դպրանոցի նախաձեռնողն ու արթուն մշակը Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովսեփ քահանա Հակոբյանն էր, ով դարձավ իմ առաջին հոգևոր դաստիարակը և ուսուցիչը: Նա տեսիլք ունեցող եկեղեցական է, ուսուցչի իսկական կերպար և եկեղեցականի ներշնչող տիպար:

Մեր հայրենիքի ու ժողովրդի համար բախտորոշ այդ ժամանակներում նա կարողացավ հոգևոր նոր շարժում ստեղծել և մարտահրավեր նետել ժամանակի դժվարություններին ու խորհրդային կարգերից ժառանգված կարծրատիպերին: Իր շուրջը համախմբած երեխաներին ու պատանիներին նա ժամեր շարունակ առանց հոգնելու ուսուցանում էր և ամենայն համբերատարությամբ ու սիրով հոգ էր տանում, որ լավ սովորենք, խորամուխ լինենք հոգևոր գիտելիքների մեջ և աճենք ծառայանվիրումի և հավատքի գիտակցության մեջ: Տեր Հովսեփը խորապես հավատում էր, որ 21-րդ դարում Եկեղեցին ծաղկեցնողը հոգևոր գիտելիքներով ու լուսավորյալ հավատքով զինված նոր սերունդը, Հայաստանի անկախության սերունդը պիտի լինի: Հենց այս նպատակին հասնելու համար նա անում էր ամեն հնարավորը և մշտապես քաջալերում իր սաներին դառնալու արժանավոր եկեղեցական: Այս կարևոր առաքելությունը Տեր հայրն իրականացնում էր երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ:

Նորին Սրբության պատկառազդու ներկայությունը բախտ էինք ունենում վայելել տարին գոնե մեկ անգամ, որը համարյա միշտ զուգադիպում էր Հայոց Հայրապետի ծննդյան տարեդարձի օրվա հետ: Հատուկ էինք պատրաստվում այդ օրվան: Շաբաթներ առաջ թափորի կազմության փորձեր էինք անում, խմբակային կրկնում էինք երգվելիք շարականները, որպեսզի ամենայն պատշաճությամբ ուպատասխանատվությամբ ներկայանանք Հայոց Հայրապետին և արժանանանք նրա հայրական օրհնությանը: Ամեն անգամ, երբ ծաղիկներով ու հոգևոր երգերով հյուրընկալվում էինք Նորին Սրբության կողմից կաթողիկոսական իր նստավայրում, ծերունազարդ Հայրապետի խոշոր աչքերը փայլում էին ուրախությունից, երբեմն էլ հուզմունքից արցունքով լցվում՝ տեսնելով իր առջև կանգնած մատաղ սերնդի հոգևոր վերարթնությունը և նրանց հոգիներում անթեղված հավատքի առկայծումները:

Այդ օրերին ինձ աշակերտակից պատանիներից շատերը հետագայում ընդունվեցին ճեմարան և այսօր, որպես օծյալ եկեղեցականներ, իրենց ծառայությունն են բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին և նպաստում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը. «Փա՜ռք քեզ, Աստուած, փա՜ռք քեզ, յաղագս ամենայնի, Տէր, փա՜ռք քեզ»: