Կփոխվի՞ հայ-ֆրանսիական հարաբերությունների համագործակցության բնույթը առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքում ընտրվող նախագահի գալով

Կփոխվի՞ հայ-ֆրանսիական հարաբերությունների համագործակցության բնույթը առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքում ընտրվող նախագահի գալով

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախաշեմին MediaHub.am-ը զրուցել է միջազգայնագետ Գոհար Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ փոփոխություններ կարող են բերել այդ ընտրությունները, և ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ կարող են լինել:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.

 

-Տիկի՛ն Հովհաննիսյան, ապրիլի 10-ին Ֆրանսիայում կանցկացվի նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ովքե՞ր են հավանական թեկնածուները:

 

-Ապրիլի 10-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլին կմասնակցեն 12 թեկնածուներ, որոնցից 7-ն, ընդ որում, ընդգրկված էին նաև 2017թ. նախագահական ընտրություններում: Հետաքրքրական է, որ չնայած վերջին չորս տարիներին նկատվող վարկանիշային աննախադեպ անկմանը, այնուամենայնիվ, որպես նախագահի պաշտոնի ամենահավանական հավակնորդ, դիտարկվում է գործող նախագահ Էմանուել Մակրոնը: Ամենայն հավանականությամբ, նախագահի պաշտոնի համար մրցապայքարում նրա հիմնական հակառակորդը կլինի ծայրահեղ ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ: Ըստ վերջին երեք շաբաթներում իրականացված սոցիոլոգիական տասնյակ հարցումների՝ նախագահական ընտրությունների առաջին փուլը կհաղթահարեն Էմանուել Մակրոնը՝ ձայների միջինը 29%-ով և Մարին Լը Պենը՝ 18%-ով, իսկ երկրորդ փուլում ձայների 58% և 42% հարաբերակցությամբ Ֆրանսիայի նախագահ կվերընտրվի Մակրոնը: Ընդհանուր առմամբ, կանխատեսելի է, որ Ֆրանսիայի՝ ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները շատ չնչին կտարբերվեն նախորդ՝ 2017թ. արդյունքներից:

 

-Էմանուել Մակրոնն իր հետ բերեց մի շարք փոփոխություններ, որոնք էլ հանրության շրջանակներում հիմք հանդիսացան լուրջ բողոքների: Որո՞նք էին այն հիմնական քայլերը, որ բերեցին Մակրոնի անձի և նրա կառավարման վերաբերյալ այսչափ դժգոհությունների:

 

-Այո՛, Մակրոնը 2017թ. իշխանության եկավ բարեփոխումների լայն օրակարգով, հատկապես՝ ներքաղաքական այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ սոցիալական ապահովագրությունը, աշխատանքի շուկան, առողջապահությունը, կրթությունը, թոշակային համակարգը և այլն: Եվ հատկանշական է, որ իշխանությունները խնդիր էին դրել՝ այդ ամենն իրագործել պետական ծախսերի կրճատման հաշվին, որպեսզի նվազեցվի պետական բյուջեի դեֆիցիտը: Թերևս հենց այս փոփոխություններն էլ հանգեցրին Ֆրանսիայում լայնամասշտաբ բողոքի ցույցերի: Դեռևս 2018թ. նոյեմբերին սկիզբ առած «Դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքի ցույցերի պատճառ հանդիսացավ 2019թ.-ից դիզելային վառելիքի գները 6.5%-ով, իսկ բենզինի գները 2.9%-ով բարձրացնելու Ֆրանսիայի կառավարության որոշումը, սակայն աստիճանաբար բողոքի ակցիաների մասնակիցների կողմից ներկայացվող պահանջներն ավելի ընդլայնվեցին՝ ներառելով սոցիալ-տնտեսական ոլորտի մի շարք խնդիրներ (ռազմական բյուջեյի կրճատման, կրթաթոշակների կրճատման, մամուլի հետ հաղորդակցությունը սահմանափակելու, բիզնես ոլորտի արդիականացման ծրագրերի հետ կապված): Արդյունքում՝ նման դժգոհությունների ֆոնին Մակրոնը իր նախագահության առաջին տարուց սկսած կորցրեց իր աջակիցների մոտ կեսին:

 

-Նոր նախագահի ընտրությունը կբերի նաև նոր օրակարգ: Սպասե՞լ քաղաքական կուրսի լուրջ փոփոխություններ, որոնք կհանգեցնեն նաև աշխարհաքաղաքական հայեցակարգերի վերանայման:

 

-Աշխարհաքաղաքական նոր իրողությունները, մասնավորապես՝ ներկայիս ուկրաինական ճգնաժամը, միանշանակ իրենց ազդեցությունը կունենան հատկապես արտաքին քաղաքական կուրսի վերանայման հարցում, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ Եվրոպայի, ինչու ոչ՝ աշխարհի բազմաթիվ այլ երկրների վրա, քանի որ ականատես ենք լինում աշխարհում նոր ուժային հավասարակշռության ձևավորման գործընթացի, որտեղ միջազգային տարբեր դերակատարների արտաքին քաղաքական կուրսի վերանայումը լինելու է անհրաժեշտություն: Չի բացառվում հայեցակարգային փոփոխություն եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ հարաբերություններում: Եթե մինչ այս, աշխարհաքաղաքական մի շարք հարցերում Ֆրանսիան/ԵՄ-ը ԱՄՆ-ի հետ միևնույն դիրքերից էր հանդես գալիս, ապա նոր իրողությունների ֆոնին կարելի է կանխատեսել, որ Ֆրանսիան կփորձի ավելի ինքնուրույն քաղաքական ուղեգիծ որդեգրել: Հատկապես կկարևորվի անվտանգային, ռազմական բաղադրիչը, և առաջնահերթությունների շարքում առանցքային կլինեն դեռևս 2017թ. Ֆրանսիայի կողմից առաջ քաշված համաեվրոպական պաշտպանական համակարգի ձևավորման գաղափարի կյանքի կոչումը, որն իրականում միտված է պաշտպանության ոլորտում Եվրոպայի սուվերենության բարձրացմանը և ՆԱՏՕ-ի ազդեցության թուլացմանը:

Նախընտրական ներկայիս փուլում անգամ այդ ազդեցությունը որոշակիորեն տեսանելի է, քանի որ Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամ նախընտրական քարոզարշավի առանցքը արտաքին քաղաքականությունն է, մի հարց, որը սովորաբար առաջնային չի եղել ֆրանսիացի ընտրողի համար: Ի դեպ, ֆրանսիացի սոցիոլոգների պնդմամբ՝ Մակրոնի հեղինակության բարձրացման վրա վերջին ամիսներին մեծ ազդեցություն է ունեցել հենց ուկրաինական ճգնաժամի հետ կապված քաղաքական դիրքավորումը, այս առնչությամբ ակտիվ երկխոսությունը համաշխարհային լիդերների հետ:

Հարկ է նշել նաև, որ 2020թ. արցախյան պատերազմից հետո, ԵՄ-ն, ի դեմս Ֆրանսիայի (նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի), փորձում է ակտիվացնել երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում ևս: Թերևս հենց այս համատեքստում կարելի է դիտարկել նաև Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ՝ Էրիկ Զեմուրի և Վալերի Պեկրեսի դեկտեմբերին Հայաստան կատարած այցերը, որոնք նախընտրական փուլում բնականաբար նաև ֆրանսահայ մեծաթիվ համայնքի քվեն ստանալուն են ուղղված:

 

-Կփոխվի՞ հայ-ֆրանսիական հարաբերությունների համագործակցության մակարդակն ու բնույթը ընտրությունների արդյունքում ընտրվող նախագահի գալով:

 

-Հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն պատմամշակութային ամուր հիմքեր և ներկայումս դինամիկ զարգացող փոխգործակցություն գրեթե բոլոր ոլորտներում, ինչն, ընդհանուր առմամբ, կպահպանվի երկարաժամկետ հեռանկարում՝ անկախ նրանից, թե ով կլինի հաջորդ նախագահը: Այս համատեքստում բավական կարևոր է նախորդ տարեվերջին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը», որը հնարավորություն կտա առաջիկա 5 տարիների համար ուղենշել և օգտագործել տարբեր ոլորտներում(ենթակառուցվածքներ, էներգետիկա, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ և այլն) առկա չիրացված ներուժը:

Հարկ է նշել, որ Ֆրանսիան՝ ի դեմս նախագահի ամենահավանական թեկնածու Մակրոնի, 2020թ. արցախյան պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում մշտապես հայանպաստ դիրքորոշմամբ է հանդես եկել, որը դրսևորվել է թե՛ պատերազմում իրական ագրեսորին ուղղված անկողմնակալ և հասցեական հայտարարությունների տեսքով, թե՛ արցախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված Սենատի և ԱԺ-ի բանաձևերով, և թե՛ ներդրումների և հումանիտար օգնության տեսքով: Իհարկե այս ամենը դրական է ազդել նաև Ֆրանսիայում շուրջ 600 հազարանոց հայկական համայնքի, ինչու ոչ նաև Հայաստանում՝ Ֆրանսիայի և անձամբ Էմանուել Մակրոնի, որպես «Հայաստանի բարեկամի» ընկալումների վրա:

 

 

Զրուցեց Ռեբեկա Հովհաննիսյանը