ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը պնդում է, որ տնտեսությունը ռեցեսիայի մեջ չէ՝ չնայած երկու եռամսյակն անընդմեջ բացասական համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ), գրում է The Hill-ը։
Յելենն ասել է, որ տնտեսության անկման նշաններ չի տեսնում, քանի որ աշխատատեղերի աճը եւ սպառողական ծախսերը պահպանվել են ողջ տարվա ընթացքում:
«Շատ տնտեսագետների եւ ամերիկացիների՝ ռեցեսիայի սահմանումը նույնն է. աշխատատեղերի զանգվածային կորուստ եւ զանգվածային կրճատումներ, բիզնեսի փակում, մասնավոր հատվածի գործունեության զանգվածային դանդաղում, տնային տնտեսությունների բյուջեի զանգվածային ճնշում եւ տնտեսության համատարած թուլացում,- ասել է Յելենը:- Դա այն չէ, ինչ մենք հիմա տեսնում ենք։ Աշխատատեղերի ստեղծումը շարունակվում է, տնային տնտեսությունների ֆինանսներն ամում էր, սպառողները գումար են ծախսում, իսկ ձեռնարկություններն աճում են»:
ԱՄՆ ՀՆԱ-ն վերջին երեք ամիսների ընթացքում նվազել է տարեկան 0.9 տոկոսով, ինչը երկրորդ եռամսյակն անընդմեջ բացասական տնտեսական աճ է նշանակում։ Թեեւ երկու բացասական եռամսյակները երկար ժամանակ ռեցեսիան սահմանման հիմնական կանոնն են եղել, տնտեսագետներն այս դատողությունն անելիս նաեւ հաշվի են առնում աշխատատեղերի աճը եւ տնտեսության այլ ոլորտները:
Յելենը խոստովանել է, որ տնային տնտեսությունները դեռ «մեծ սթրեսի» մեջ են բարձր գնաճի պատճառով, որը հունիսին, Աշխատանքի դեպարտամենտի տվյալներով, տարեկան 9.1 տոկոսի էր հասել: Մինչ ազգային ծախսերի եւ տնային տնտեսությունների բարեկեցության ցուցանիշները կայուն են մնում, բարձր գնաճը մեծ վնաս է հասցրել ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին:
«Մենք նման բան չենք տեսել 1970-ականներից ի վեր,- ասել է Ելենը։- Այն, ինչ տեղի է ունենում տնտեսության մեջ պարենային ապրանքների, էներգակիրների, վարձավճարների եւ այլնի գների հետ, ընտանիքներին ստիպում է անհանգստացնալ իրենց ընտանեկան բյուջեի համար: Դրանք իրական ճնշումներ են, որոնք մենք խոստովանում ենք, եւ նախագահի ամենակարեւոր առաջնահերթությունը գնաճի իջեցումն է»: