«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին հանրությունը կանխատեսելիորեն չափազանց ակտիվ արձագանքում է Նիկոլ Փաշինյանի ու նրան առնչակցվող անձանց կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր հարձակումներին: Ամենատարբեր նահատականներ, հակադարձումներ, շատ մեղմ ասած՝ կոշտ արտահայտություններ են հնչում ինչպես առանձին անհատների, հոգևորականների, այնպես էլ քաղաքական, հասարակական շրջանակների կողմից:
Բայց, բացի բարոյական, քաղաքական և այլ գնահատականներից, կան տեսակետներ, որ Եկեղեցու դեմ այս հարձակումները պետք է քրեաիրավական շարունակություն ստանան: Օրինակ՝ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» այստեղ տեսնում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է: Նաև «Հայաքվե» միավորումն է տեսնում սահմանադրական հիմունքների ոտնահարում մի քանի կետերով: Ընդ որում, մատնաշված բոլոր այդ խախտումները քրեորեն պատժելի արարքներ են: Այսինքն, եթե հրապարակայնորեն կատարվում է առերևույթ խախտում, ապա երկրի իրավապահ համակարգը պետք է արձագանքի, առնվազն՝ քննություն սկսի:
Ի լրումն, Փաշինյանի ընտանիքի անդամի կողմից հնչեցվել են մանկապղծության մասին ծանրագույն մեղադրանքներ, որոնք ևս ենթադրում են քրեաիրավական գնահատական և կոնկրետ շարունակություն: Բայց այդ մասով էլ առայժմ ձայնծպտուն չկա պատկան մարմինների կողմից:
Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ թեկուզ ձևականորեն անկախ համարվող կառույցները իրենց նախաձեռնությամբ ինչ-որ քննություն կսկսեն հենց նշված ակնհայտ հիմքերով: Ուստի, կան կարծիքներ ու ոչ միայն կարծիքներ, որ արձանագրված հոռի երևույթը իրավական առումով դիտարկող հասարակական շրջանակները կարող են իրենք նախաձեռնել, դիմել պատկան մարմիններին, որպեսզի հարցը նման շարունակություն ստանա: Օրինակ՝ ինչպես տեղեկացրեց «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, միավորումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազությանը:
Երեկ «Փաստը» դիմեց գլխավոր դատախազություն՝ փորձելով պարզել, թե ինչ ընթացք է տրվել այդ հաղորդմանը: Դատախազությունից խնդրեցին գրավոր հարցում, որն ուղարկել ենք, և պատասխանն ստանալուն պես կներկայացնենք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ՝ կեսօրին, անակնկալ կերպով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Նրա պաշտոնանկությունը, որքան էլ մի կողմից սպասելի էր ոլորտին ներսից տեղեկացվածների համար, մյուս կողմից նույնքան անսպասելի էր լայն հանրության համար։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել այս զարգացումների մի շարք բացառիկ մանրամասներ։ Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, Հովհաննիսյանի հեռանալը ոստիկանապետի պաշտոնից պայմանավորված է ներքին անհամաձայնություններով, որոնք առնչվում են ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցած լարված հարաբերություններին։ Երկու պաշտոնյաների համագործակցությունը երբեք չի եղել ներդաշնակ, սակայն, ինչպես երեւում է, վերջերս այդ լարվածությունը հասել է իր գագաթնակետին։ Նախկին եւ ներկա սերունդների միջեւ վերջին լուրջ բախումը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցից հետո։ Այդ օրերին մի խումբ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստներ փորձել էին բողոքի ակցիա անցկացնել արտաքին գործերի նախարարության շենքի առջեւ։ Ոստիկանության արձագանքը, ըստ իրավապաշտպանների եւ դիտորդների, եղել է անհամաչափ, ուղեկցված ուժի կիրառմամբ։ Նույն այդ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննարկումը վերածվել է լարված վիճաբանության Արփինե Սարգսյանի եւ Արամ Հովհաննիսյանի միջեւ, որի ընթացքում հնչել են փոխադարձ վիրավորանքներ։ Այդ դեպքը դարձել է վճռական Հովհաննիսյանի համար։
Ով է նոր ոստիկանապետը
Արամ Հովհաննիսյանին փոխարինելու է Արամ Ղազարյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունը վայելող պաշտոնյա է։ Ի տարբերություն Հովհաննիսյանի՝ նա վարչապետի հետ ուղիղ կապի հնարավորություն ունի»։
«Հրապարակը» գրում է․
Հայ առաքելական եկեղեցին եւ հոգեւոր դասը միակ ուղղությունը չեն, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել, ասում են` ընտրություններին ընդառաջ, պետական համակարգն աշխատում է բոլոր ուղղություններով։ Դիցուք, վերջին շաբաթներին «փնտրում, հայտնաբերում են» փոքր ձեռնարկատերեր-գործարարների եւ հարկային ստուգումների արդյունքում խոշոր տուգանքներ սահմանում նրանց նկատմամբ՝ փորձելով առաջիկա զարգացումներից առաջ «հնազանդեցնել» նրանց, հակառակ դեպքում կտանեն սնանկության։
Իհարկե, ՊԵԿ-ը հերքում է նման տեղեկությունները՝ ասելով, թե պարբերական եւ հերթական ստուգումներ միշտ են անցկացնում եւ անակնկալ այցեր միայն ընդդիմադիրների մոտ չեն ունենում, սակայն ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներից հատկապես վերջին շաբաթներին բազում բողոքներ ենք ստանում, որ հարկայինից իրենց այցի են գալիս։ Ավելին` 8/8 սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը զուգահեռ, բազմաթիվ մանր խանութներ են փակվում, ինչին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք: