MediaHub-ն ահազանգ է ստացել, որ «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի ենթակայության տակ գտնվող 99 համարի ավտոբուսում ահասարասուռ դեպք է տեղի ունեցել։
Մեզ դիմած քաղաքացին պատմում է, որ այսօր առավոտյան, երբ ավտոբուսով ուղևորվելուց է եղել, մոտ 25-ամյա տղամարդ է բարձրացել հանրային տրանսպորտ։ Սկզբում ամեն ինչ կարգին է եղել, մինչև այն պահը, երբ այդ տղամարդը սկսել է ոչ նորմալ վարք դրսևորել։
Մասնավորապես մեր զրուցակիցը նշում է՝ սեռական ոտնձգության դեպքի է ականատես եղել այդ տղամարդու կողմից` տղամարդը մերկացել է ավտոբուսի ներսում։
«Ես շոկի մեջ էի, թե ո՞նց կարա նման բան լինի հանարային տրանսպորտում։ Էդ աղջիկը իր համար կանգնած էր, ոչ մի ավելորդ բան չկար, ուղղակի էդ տղամարդը հանկարծակի սկսեց իրեն ավելորդություններ թույլ տալ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ նման դեպքի արդեն 2-3 անգամ է ականատես լինում նույն տրանսպորտում։
MediaHub-ը թեմայի վերաբերյալ դիմեց «Երևան Ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանին, ով էլ նշեց, թե փաստարկված որևէ ահազանգեր չկան։
Ինչպես նաև քաղաքացիներին հորդորեց՝ նման դեպքերում դիմել ոստիկանություն։
Էմմա Մարտիրոսյան
