Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Քաղաքացիների կողմից համընդհանուր բոյկոտը «բացեց Փաշինյանի աչքերը»

Blog Image

Կա մի տարածված երևույթ, երբ մարդկանց մոտ սովորաբար տպավորվում են վերջին իրադարձությունները՝ անհրաժեշտ ուշադրությունից դուրս մղելով սկզբնական հատվածը։ Արդյունքում, երբ դրականը սկսում է աստիճանաբար դառնալ բացասական, դրականի է վերածվում նույնիսկ բացասական աճի կանգնելը։

Օրինակ՝ բենզինը 400 դրամից դառնում է 550, այնուհետև իջնում 500-ի ու բոլորն ասում են՝ բենզինն էժանացավ։ Սակայն գրեթե ոչ ոք չի մատնանշում, որ իրականում այն ոչ թե էժանացել է, այլ թանկացել, քանի որ շատերի մոտ տպավորվում է ոչ թե 400-ից 550-ի հասնելը, այլ 550-ից 500-ի իջնելը։ Սա նման է Դեյլ Քարնեգիի այն խորհրդին, համաձայն որի, եթե գնում եք աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի, փորձեք լինել վերջինը, որովհետև հենց դուք եք ամենալավը տպավորվելու ընդունող հանձնաժողովի մոտ։

Ահա այս երևույթները շատ լավ աշխատում են նաև քաղաքականության մեջ ու լավ մանիպուլացվում հատկապես իշխանությունների կողմից։ Իշխանությունները կարող են քաղաքացիների համար ստեղծել արհեստական դժվարություններ, մարդկանց տևական ժամանակ պահել տագնապի ու անհանգստության մեջ, այնուհետև վերացնել իրենց իսկ կողմից առաջացրած այդ բարդություններն ու «ծախել» հանրության վրա։

Ճիշտ այդպես իշխանությունները պարտադիր հայտարարագրման մասին փոփոխություններն այսօր «ծախում» են քաղաքացիների վրա՝ փորձելով թողնել տպավորություն՝ իբր իրենց ողջ մտածմունքը ոչ միայն մարդկանց կյանքը բարեկեցիկ ու անվտանգ դարձնելն է, այլև հարմարավետության ապահովումը։ Նման մոտեցման հիմքը մեկն է՝ սեփական որոշման ձախողումը ներկայացնել որպես քայլ՝ հանուն հանրության ու ստանալ քաղաքական դիվիդենտներ։

Նախ իշխանությունը որոշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, այնուհետև վերջնաժամկետը երկարացրեցին մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը, քանի որ հասկացան, որ նախնական սահմանված ժամկետներում տապալվելու է իրենց այդ նախաձեռնությունը։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ դերասանությամբ հայտարարագրում էր իր եկամուտները ու ճիշտ այնպիսի վճռականությամբ, ինչպես որ պնդում էր՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», հայտարարում էր, որ այս որոշումից ոչ մի քայլ ետ չեն անելու։

Իսկ այսօր, երբ ակնհայտ է դառնում, որ այդ որոշումը տապալված է, ու մարդիկ բոյկոտում են պարտադիր հայտարարագրումը, իշխանությունը հետ քայլ է անում ու փորձում այն ներկայացնել իբր հանուն հասարակության հարմարավետության։ Նոր մոտեցմամբ՝ եթե քաղաքացու եկամուտները տեսանելի են ՊԵԿ-ին, այսինքն եթե մարդը գրանցված աշխատող է կամ թոշակառու, ապա կարող է չլրացնել հայտարարագիրը։ Իսկ մինչ նախնական անհեթեթ որոշումը, ՊԵԿ-ին հասանելի, տեսանելի չէի՞ն այդ եկամուտները, թե՞ պարտադիր պետք է առերեսվեիք համընդհանուր բոյկոտի, որ նոր ՊԵԿ-ի «աչքերը բացվեին»։

Բայց Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է շատ հստակ իմանան, որ այդ նոր որոշմամբ իշխանությունները հանուն իրենց ոչինչ չեն անում, այլ ընդամենը քողարկում են սեփական ձախողումը ու փորձում «ծախել» մարդկանց վրա։ Այս նոր որոշման համար ոչ ոքի պետք չէ շնորհակալ լինել ու համարել տրամաբանական մոտեցում։ Տրամաբանականը ընդհանրապես անհեթեթ որոշումներ չկայացնելն է, հակառակ դեպքում կդառնա բենզինի պատմությունը, եթե շատերը մոռանան, որ այս նոր որոշումն ընդամենը նախորդի չեղարկումն է, այլ ոչ քաղաքացիների կյանքի զարգացման դրական դինամիկա։

Կարեն Կարապետյան

Send