Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՄԱՄՈՒԼ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պապոյանը խոստովանեց, որ հեղուկ գազի խնդրով չի զբաղվել, իսկ Հակակոռուպցիոն կոմիտե էլ դիմել էր ընդդեմ MediaHub-ի

Blog Image

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոստովանեց, որ ինքը հեղուկ գազի ներկրման հետ  կապված Վրաստանի տարածքում առաջացած խնդիրներով չի զբաղվում և այս ընթացքում չի էլ զբաղվել։ Մինչդեռ, այս օրերին մամուլում պարբերաբար բարձրացվում է այն հարցը, որ վրացիները հայկական բեռնատարների վարորդներից միջինը 1500 դոլար կաշառք են պահանջում, որ թողնեն՝ մեքենաներն անխոչընդոտ հասնեն Հայաստան։

Բայց Պապոյանն այս հարցում, փաստորեն, մատը մատին չի խփել, ասաց՝ ինքը կոնյակի արտահանմամբ է զբաղվել, ոչ թե հեղուկ գազով։ Իր փոխարեն, ինչպես MediaHub-ը գրել էր, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է Վրաստան կատարած այցի ընթացքում Վրաստանի վարչապետի և այլ պաշտոնյաների մոտ բարձրացրել հեղուկ գազ ներկրողների և հայկական բեռնատարների հարցը, առհասարակ։ Իսկ Պապոյանը, փոխանակ որպես նախարար իր կապերն օգտագործեր, որպեսզի քաղաքական մակարդակում լուծվի այս հարցն, ու վրացի մաքսավորներն այլևս կաշառք չպահանջեն ՌԴ-ից Հայաստան հեղուկ գազ ներկրողներից, որոշել է զբաղվել մամուլի հրապարակումներով՝ ընդդեմ մամուլի։

Նա դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ ընդդեմ MediaHub-ի, որ մեր հրապարակման մեջ կասկած էինք հայտնել, թե Պապոյանը փա՞յ ունի հեղուկ գազ ներկրողներից վրացիների կողմից պահանջվող այդ կաշառքի մեջ, որ խնդիրը չի ուզում լուծել։ Մենք, իհարկե, այս ամենը հեգնանքով և հարցին սրություն հաղորդելու, Պապոյանին «տեղից շարժելու» և իր այս հարցով հիմնավոր զբաղվելուն դրդելու համար էինք գրել, բայց ՔՊ-ական նախարարը որոշել է դիմել իրավապահներին, որ նրանք հերքեն կամ հաստատեն՝ արդյոք ինքը փա՞յ ունի այդ կոռուպցիոն գործարքի մեջ, թե՞ ոչ։ 

«Դուք, մասնավորապես, նշել էիք, որ կարո՞ղ է ես կապ ունեմ դրա հետ, ես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին խնդրել էի՝ Ձեզ հրավիրեին և հարցնեին՝ այդ ի՞նչ տեղեկություն ունեք և եթե ունեք տեղեկատվություն, և եթե Ձեր ասածը ճիշտ էր, բնականաբար, հարուցվեր քրեական գործ, եթե ճիշտ չէր, բնականաբար, հուսով եմ՝ Դուք կհերքեք»,- դիմելով մեզ՝ այսօր հայտարարեց նախարար Պապոյանը։ 

Նկատեցինք, որ ինքը բանակցել է վրացիների հետ, ու որևէ արդյունք չի ստացվել, մենք էլ դա սարկազմով գրել ենք, որ կարո՞ղ է փայ ունի, ինչին Պապոյանն արձագանքեց․ «Ես ոչ մի բան չեմ բանակցել գազի հետ կապված։ Վրացական կողմի հետ գազի հետ կապված ես ոչինչ չեմ բանակցել, ես կոնյակի հետ կապված հարցերն եմ բանակցել»։ 

Սրանից զատ՝ Պապոյանը Հակակոռուպցիոն կոմիտե էր դիմել, որ վերջինս գործընթաց սկսեր նաև վրացիների կողմից պահանջվող կաշառքի մասին լուրերի հիման վրա, բայց մտքով չէր անցել, որ վրացի պաշտոնյաների կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքների հարցը Վրաստանի իրավապահների տիրույթում է, ոչ թե մեր, ինչի մասին իրեն հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Երբ իրեն հարցրինք՝ չգիտե՞ր ինքը, որ դա Վրաստանի իրավապահների տիրույթում գտնվող հարց է, ոչ թե Հայաստանի, Պապոյանը նեղսրտեց, թե ինչո՞ւ ենք այդ տոնով հարց տալիս։

«Նախ խնդրում եմ՝ Ձեր տոնը փոխեք, էդպես չի կարելի։ Ընդհանրապես, էական չի՝ նախարար է, մարդու հետ խոսելիս էդ տոնով չի կարելի»,- զարմանալիորեն մեր հանդարտ ու քաղաքավարի տոնից իր դժգոհությունը հայտնեց Գևորգ Պապոյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան

Send