Կանխվել է շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը․ մանրամասներ

Կանխվել է  շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը․ մանրամասներ

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների հիման վրա իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության են ենթարկվել «արտահանում» մաքսային ընթացակարգով  հայտարարագրված (հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր)  ապրանքները և կից փաստաթղթերը։ Հայտնել է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների մոտ՝ արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում, հիմնավոր կասկած է առաջացել, որ երեք բեռնատարով արտահանվող ապրանքը հանդիսանում է մետաղյա ջարդոն, որի արտահանումը, ՀՀ Կառավարության 22 հունիսի 2023 թվականի թիվ 994-Ն «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական Տնտեսական Միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ, արգելված է։ Շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը կանխվել է: 

Արտահանվող ապրանքների նկատմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն։ Պարզվել է, որ արտահանվող ապրանքները պիտանի չեն հետագա նպատակային նշանակության օգտագործման համար։ Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու և հետագա ընթացքն օրենքով սահմանված կարգով ապահովվելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: