Մխչյանցիները փակել են Արտաշատ–Երևան ավտոճանապարհը․ ի՞նչ են պահանջում

Մխչյանցիները փակել են Արտաշատ–Երևան ավտոճանապարհը․ ի՞նչ են պահանջում

MediaHub–ն ահազանգ ստացավ, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ Արտաշատ–Երևան ավտոճանապարհն են փակել։

MediaHub–ին ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ պատճառը «Գազպրոմ» ընկերության արգելքն է՝ արգելում են ջեմոցներում գազ օգտագործել: «Արտաշատի «Գազպրոմը» չի թույլատրում, որ ջերմոցային տնտեսություններում գազ վառեն հաշվիչներով, այսինքն օրինական, իսկ պատճառը չեն ասում, թե ինչն է։ Հիմա, երբ գյուղացիներն ակցիա են անում, եկան գրասենյակից, ասում են՝ «լավ, ոչինչ չենք անում, թողնում ենք գազ վառեք, մենակ թե ճանապարհը բացեք»։ Բայց մենք չենք գնում, սպասում ենք»,– ասաց ակցիայի մասնակիցը։

Ըստ նրա՝ մասնավորապես Մխչյան, Դիմիտրով, Ծաղկաշեն գյուղերի ջերմոցներում թույլ չեն տալիս գազ վառել, մինչդեռ մարդիկ այստեղ ապրուստի միջոցը հոգում են հենց ջերմոցներով:  

«Ձմեռվա կեսին եկել են, չեն թողնում… եթե գազը չհերիքի, գազ չվառվի, ամբողջը գիշերը կցրտահարվի, իսկ դա մարդկանց ամբողջ տարվա եկամուտն է։ Հիմա էլ եկան Արտաշատի «Գազպրոմից», ասեցին՝ «վառե՛ք, ոչինչ չենք անում, միայն թե բացեք ճանապարհը», բայց մենք չենք բացում, մենք ցանկանում ենք, որ «Գազպրոմը» իմանա, թե ի՞նչ է կատարվում այստեղ, աչքներից հեռու, թե ի՞նչ է անում Արտաշատի «Գազպրոմը»»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։

Նշենք, որ այս պահին էլ ակցիան դեռ շարունակվում է:

Մարիաննա Արամյան