Ի՞նչ ուտեստներ են պատրաստում Խաչվերացին (Սբխեչ)

Սուրբ խաչի տոնը` "Խաչվերացը", որն այս տարի կնշվի սեպտեմբերի 17-ին, վաղ հեթանոսական արմատներ ունի: Տոնն անվանել են՝ նաև "ՈՒլնոց": Ուլը միակ կենդանին էր, որը կերել և փչացրել էր խաղողի վազը, այդ պատճառով էլ, այս տոնին ուլ են մորթել և խորովել թոնիրում: Այստեղից է առաջացել, նաև, "քավության նոխազ" արտահայտությունը:
Համաձայն ավանդույթի` 610 թվականներին սկսված պարսկա – բյուզանդական պատերազմի ժամանակ պարսիկները Խոսրով Բ արքայից արքայի հրամանատարությամբ գրավել են Երուսաղեմը և գերևարել Հիսուսի խաչափայտը: Բյուզանդական Հերակլ կայսրը 627 թվականին պարսիկներին հաղթելով` խաչը վերադարձրել է Երուսաղեմ և կրկին հանձնել Ս. Հարություն տաճարին: Ըստ ավանդության` Երուսաղեմում Հերակլ կայսրը խաչափայտն անձամբ՝ իր ուսերի վրա է տարել մինչև Գողգոթա և դրել տիրոջ գերեզմանին կառուցված Սուրբ Հարություն տաճարում: Այստեղից էլ տոնի անվանումը` Խաչվերաց, այսինքն` խաչը վեր բարձրացնել:
Առանձնահատուկ է նաև տոնի սեղանը: Ի՞նչ ուտեստներ են պատրսաստել Խաչվերացին:
Քաշիկա /Հարիսա/
Քաշիկան որպես գոհաբանության կերակուր, պետք է պատրաստված լիներ երկրագործական տարվա վերջը, այսինքն՝ աշնան ամիսներին: Ի տարբերություն հարիսայի քաշիկան պատրաստել են թոնրում և եփելու ընթացքում չեն խառնել, վախենալով, որ տարվա ընթացքին խառնակություններ կպատահեն: Այժմ Քաշիկային փոխարինում է նաև հարիսան և հայկական հարիսան պատրաստվում է աքլորի մսով՝ ցորենի, երբեմն էլ հաճարի ձավարով: Մատուցվում է յուղով, սոխարածով, իսկ համեմունք որպես առաջարկվում է կարմիր պղպեղ, քիմյոն և դարչին:
Ուլի խորոված՝ հաճարով
Հաճարը թրջել աղի ջրի մեջ, մաղով քամել, լցնել կարագով պատած կավե ամանի մեջ: Վրան ավելացնել կարագ և ջուր լցնել: Հաճարով լցված կավե ամանը դնել թոնիրում, նրա վրա կախել ուլը, փակել թոնիրի բերանը: Մինչ հաճարը պատրաստվում է, պատրաստել սոխարած: Խորովելուց հետո ուլը կտրատել, դնել ափսեի մեջ, զարդարել մաղանդանոսով:
Ղափամա
Ղափաման նույնպես ունի ծիսական արարողակարգ: Դատարկ դդումն այն ընդհանուր ամբարն է, որի մեջ ամփոփվում են անցած տարվա ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ բերքն ու բարիքը, որ ստացել է հայ շինականի ընտանիքը: