Շիրակի մարզում բախվել են Audi-ն ու Mercedes-ը․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Շիրակի մարզում բախվել են Audi-ն ու Mercedes-ը․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 100 կմ հատվածում, «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Audi» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Մարալիկի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի մասին ոստիկանության Անիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենաները ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սուրեն Նիկոլյանի ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։