ԵՄ-ն, Իսրայելը և Եգիպտոսը համաձայնագիր են ստորագրել իսրայելական գազի մատակարարումների վերաբերյալ

Եվրամիությունը, Իսրայելը և Եգիպտոսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր հրեական պետությունից Արաբական Հանրապետության տարածքով դեպի Եվրոպա գազի արտահանման ոլորտում. այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Փաստաթղթի համաձայն՝ համաձայնագիրը նախատեսված է երեք տարով՝ ևս երկու տարով ավտոմատ երկարաձգմամբ։
Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրոպա բնական գազի մատակարարումն ավելացնելու համար «ԵՄ-ի, Իսրայելի և Եգիպտոսի միջև կկնքվի էներգետիկ եռակողմ համաձայնագիր»։
Ֆոն դեր Լեյենն ընդգծել էր, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո անհրաժեշտ է մեծացնել Իսրայելի և ԵՄ-ի միջև համագործակցությունն էներգետիկ և պարենային անվտանգության ոլորտում։ Նա հավելել էր, որ ԵՄ-ն որոշել է նվազեցնել հանածո վառելիքի գնումները Ռուսաստանից և դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները։
Եվրահանձնակատարը հայտնել էր, որ չորեքշաբթի՝ հունիսի 15-ին, ԵՄ-ի, Եգիպտոսի և Իսրայելի միջև կստորագրվի էներգետիկ փոխըմբռնման հուշագիր՝ Եվրոպա բնական գազի մատակարարումների ավելացման համար։
Ֆոն դեր Լեյենը նշել էր, որ Իսրայելից Եգիպտոս գազատար է անցկացվելու, իսկ Եգիպտոսի հեղուկ բնական գազը ծովով Եվրոպա կտեղափոխվի։