Արցախի իշխանությունը որևէ կարմիր գիծ չի խախտելու ադրբեջանական կողմի հետ փոխշփումների ընթացքում

Արցախի իշխանությունը որևէ կարմիր գիծ չի խախտելու ադրբեջանական կողմի հետ փոխշփումների ընթացքում

Մենք բաց ենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի: Այդ մասին այսօր իր ուղերձում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այդ տրամաբանության շրջանակներում են հետպատերազմյան ժամանակահատվածում իրենց պարբերական շփումները ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ նպատակներով:

«Եվ այդ շփումներն ամենևին կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով մենք փորձում ենք որոշակի բարենպաստ պայմաններ ապահովել պետության ու ժողովրդի կենսագործունեության համար՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները: Մի բան հստակ է, որ Արցախի իշխանությունները որևէ կարմիր գիծ չեն խախտում ու չեն խախտելու ադրբեջանական կողմի հետ նմանատիպ փոխշփումների ընթացքում, հակառակը՝ դրանց միջոցով կարողացել ենք բազմաթիվ մեծ ու փոքր հիմնախնդիրներ լուծել և կանխել»,- նկատեց նա։

Հարությունյանը վստահեցրեց՝ պատրաստ է լսելու ցանկացած քննադատություն, դրանից քաղելու դասեր ու խորհուրդներ, բայց երբեք չի կարող անգործություն ցուցաբերել՝ քննադատվելու մտավախությունից ելնելով, դա քաղաքական իշխանության և պետական կառավարման տապալում կլինի։

«Մենք՝ իշխանություններս, պետք է խիզախություն ցուցաբերենք և պատրաստակամ լինենք գործելու, կարևորն այն է, որ մեր որոշումների ու գործողությունների հիմքում բացառապես Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության շահն է: Այդ շահը սպասարկելու համար մենք ստանձնել ենք պատասխանատվություն և ունենք բավարար կամք»,- շեշտեց Արցախի նախագահը։