COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թիվը կարող է երեք անգամ գերազանցել պաշտոնական տվյալները

COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թիվը կարող է երեք անգամ գերազանցել պաշտոնական տվյալները

Աշխարհում COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թիվը կարող է երեք անգամ գերազանցել պաշտոնական տվյալները, ասվում է The Lancet-ի հրապարակած հետազոտության մեջ:

Հետազոտության մեջ հաշվի է առնվել համավարակի հետեւանքով մահացության ավելի լայն ցուցանիշը՝ ներառյալ ուղղակիորեն հիվանդության հետեւանքով մահվան դեպքերն ու անուղղակի մահերը, ինչպես տագնապի բռնկումն ու դեպրեսիան, որոնք կարող էին հանգեցնել ինքնասպանությունների թվի ավելացմանը:

Ներկայում COVID-19-ի հետեւանքով մահացության համաշխարհային մակարդակը կազմում է 6 միլիոն մարդ, սակայն հետազոտությունում նշված է, որ իրական թիվը կարող է կազմել 18,2 միլիոն մահվան դեպք ամբողջ աշխարհում:

Ստացված տվյալների համաձայն՝ մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Հարավային Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Եվրոպայում:

«Ներկայում մենք չունենք բավարար ապացույցներ տարածաշրջանների մեծամասնության համար»,- USA Today-ին ասել է Վաշինգտոնի համալսարանից դոցենտ, հետազոտության առաջատար հեղինակ Հայդոնգ Վանը: «Հետագայում կատարվելիք հետազոտությունները թույլ կտան պարզել՝ քանի մահվան դեպք է գրանցվել անմիջականորեն COVID-19-ի հետեւանքով, իսկ քանիսը՝ համավարակի անուղղակի ազդեցության պատճառով: «Համավարակի հետեւանքով մահացած մարդկանց թիվն ավելին է, քան մենք կարծում ենք»,-հավելել է նա: