Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը հրավիրվել Հակակոռուպցիոն դատարան

Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը հրավիրվել Հակակոռուպցիոն դատարան

MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն ու ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան:

MediaHub-ին հայտնի դարձավ, որ Սեյրան Օհանյանին Հակակոռուպցիոն դատարան որպես վկա են կանչել, որտեղ այս պահին տեղի է ունենում անորակ հրթիռների գործով դատական նիստը:

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ Սեյրան Օհանյանին հրավիրել են և ասել՝ եթե չգա, ապա նրան բերման կենթարկեն:

MediaHub-ը հիշեցնում է, որ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերին մոտ 4 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի ժամկետանց, անորակ, նպատակային օգտագործման համար անպիտան հրթիռների գնումն է քրեական գործի հարուցման հիմք հանդիսացել։ Ուշագրավ է, որ մեղադրվող 7 նախկին բարձրաստիճան զինվորականներից միայն մի քանիսն են այս պահին կալանքի տակ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք նախարար նշանակված ու պատերազմից մի քանի օր անց պաշտոնից հեռացած Դավիթ Տոնոյանը ավելի քան 13 ամիս է կալանքի տակ է։ Դատարանը չբավարարեց գրավի դիմաց Տոնոյանին ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը, այնինչ մյուս մեղադրյալների դեպքում կա՛մ փոխվել է խափանման միջոցը, օրինակ Դավիթ Գալստյանինը, կա՛մ էլ կալանավորման միջնորդություն չի ներկայացվել։

Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ  Դավիթ Տոնոյանի փաստաբանը  պատրաստվում է Տոնոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել։ Պնդում է՝ փաստաթղթերով ապացուցում են, որ հրթիռների ժամկետներն անցած չի եղել։ 

Լիա Սարգսյան