Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե ձեր աշխատակիցը երկար ժամանակով բացակայեր աշխատանքից․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվում են թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում է թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձեւավորման, համալրման, հաշվառման, պահպանության եւ անվտանգության իրավական հիմքերը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին դիմեց՝ նշելով, որ ոլորտում խնդիրները բազմաթիվ են։ 

«Խնդիրներ կան սկսած թանգարանների աշխատողների մասնագիտական որակներից, մինչև նմուշների պահպանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, բայց սրանց զուգահեռ մեկ խնդրի ականատես եղանք, երբ վերջերս Թումանյանի տուն-թանգարանի տնօրենին հեռացրին ֆեյսբուքյան գրառման համար»,-ասաց Դանիելյանը։

Փոխնախարարի խոսքով՝ պատճառը տնօրենի բացակայություններն են եղել։

«Իսկ դուք ի՞նչ կանեք, երբ ձեր աշխատակիցը երկար ժամանակ բացակայի աշխատանքից և այդ բացակայության իրավական փաստաթուղթը չունենա։ Որևէ գրառմամբ մենք չենք առաջնորդվում, օրենքը բոլորի համար է. սա ԱԺ-ն է, ՀՀ-ում օրենքի գլխավոր կառույցը և կարծում ենք, որ բոլորը հավասար են և օրենքը պետք է պահեն»,-պատասխանեց Քոչարյանը։
Դանիելյանը Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ազատման հարցին այլևս չանդրադարձավ, հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԿԳՄՍ-ն հավաքագրում է բոլոր այն խնդիրները, որոնք առկա են թանգարաններում։ 

Քոչարյանը պատասխանեց, որ մեխանիզմ ունեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում