Անջուր օրեր՝ Մեծամորում

Անջուր օրեր՝ Մեծամորում

Մեծամորի H1 (առաջին) թաղամասն՝ առանց ջրի։ 24 ժամից ավելի է, ինչ թաղամասի բնակիչներն ահազանգում են, որ ջուր չունեն, առանց որևէ զգուշացման անջատել են՝ իրենց թողնելով անելանելի վիճակում։

«Վեոլիա ջրից» պարզաբանում են, որ համայնքապետարանն է անջատումներ իրականացրել՝ առանց իրենց հետ համաձայնեցնելու։

«Խնդիրը համայնքապետարանի տիրույթում է»,- ասացին ընկերությունից։ 

Մեծամորի համայնքապետարանի մամուլի խոսնակ Գառնիկ Մկրտչյանը MediaHub.am-ի հետ զրույցում ասաց, որ խողովակների փոխման աշխատանքներ են իրականացվում, այդ պատճառով են ջրանջատումներ լինում։

«Մենք «Մեծամոր մեդիա»-ով իրազեկել ենք քաղաքացիներին, նաև բանավոր կերպով ենք մարդկանց  զգուշացնում, որ անջատումներ են սպասվում»,- ասաց համայնքապետարանի խոսնակը։ 

 Նա տեղեկացրեց, որ յուրաքանչյուր շենքի խողովակաշարի փոխման աշխատանքը տևում է մոտ մեկ օր, և երեկ առավոտից անջուր մնացած հասցեներում շուտով ջրամատակարարումը կվերականգնվի։

«Խնդիրն այն է, որ մեկ փականը երեք-չորս շենքի ջրամատակարարումն է ապահովում, և մեկ շենքում գործ անելու համար երեք շենքում, օրինակ, ջրանջատում է լինում»,- նշեց Մկրտչյանը։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում որոշ շենքերի բնակիչների ստիպված են լինելու 3-4 օր առանց ջրի ապրե՞լ, Մկրտչյանը պատասխանեց՝ ոչ։

«Մենք ընդմիջումներով ենք աշխատանքներն անում, որ ավելի քիչ բնակիչներին անհանգստություն պատճառենք։ Այսինքն, մի երեք օր հետո գուցե էլի ջրանջատում լինի»,- նշեց նա։

Համայնքապետարանի խոսնակը նշեց, որ աշխատանքների մեծ մասն արված է, մոտ 24 օրից բոլոր ջրագծերը փոխված կլինեն։

Նարե Գնունի