Ձերբակալված փաստաբանին մեղադրանք չի առաջադրվել․ «Հրապարակ»

Ձերբակալված փաստաբանին մեղադրանք չի առաջադրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Օրեր առաջ ձերբակալված հայտնի փաստաբան Լեւոն Գեւորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեն դեռեւս մեղադրանք չի առաջադրել, քանի որ բավարար ապացույցներ չունեն։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցմանը, թե ինչ մեղադրանք է առաջադրվել օրերս ձերբակալված փաստաբանին, պատասխանեցին, թե այս պահին տեղեկություն չկա, երբ լինի, կհայտնեն։

Հիշեցնենք, որ փաստաբան Լեւոն Գեւորգյանը հայտնի է միջազգային իրավական հարթակներում ծավալած գործունեությամբ, անգամ Հաագայի միջազգային դատարանում Հայաստանի հայցին եւ դրա քննությանն է որոշակի մասնակցություն ցուցաբերել: Նա մարտի 22-ին ձերբակալվել էր պարեկին ենթադրյալ կաշառք տալու կասկածանքով, նրա ձերբակալման ժամկետը՝ 24 ժամը, վերջացել էր, եւ նա ազատ էր արձակվել։ Մեզ նաեւ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան պարեկի եւ Լեւոն Գեւորգյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից․ պարզվում է, որ պարեկը կանգնեցրել է այն տաքսին, որով երթեւեկելիս է եղել Գեւորգյանը, այսինքն՝ պարեկները ոչ թե Գեւորգյանի մեքենան են կանգնեցրել, այլ՝ տաքսին, որի վարորդի փաստաթղթերը, հավանաբար, կարգին չեն եղել, եւ ուղեւորը փորձել է հարթել իրավիճակը:

Բնականաբար, տաքսու վարորդին պատասխանատվության ենթարկել-չենթարկելու հարցի մեջ Գեւորգյանը որեւէ կերպ չէր կարող շահագրգռվածություն ունենալ եւ պարեկին կաշառք առաջարկել։ Հավանաբար, հենց այս հանգամանքներն են պատճառը, որ քննիչներին թույլ չեն տալիս մեղադրանք առաջադրել նրա նկատմամբ, քանի որ դրա համար որեւէ հիմք չկա։ Նշենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը հնարավորություն է տալիս նաեւ ձերբակալումից ազատ արձակվելուց հետո անձին մեղադրանք առաջադրել, եթե հետագայում բավարար փաստեր լինեն, սակայն արդեն 5 օր է անցել այդ օրվանից, եւ խոսքն ընդամենը պարեկին ենթադրյալ կաշառք առաջարկելու դեպքի մասին է, ինչպես ասում են՝ «մի ուչաստկովիի բացահայտելու» գործ է, եւ 5 օրվա ընթացքում մեղադրանք չառաջադրելը վկայում է ձերբակալության անհիմն լինելու մասին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։