15 զոհ, 15 նոր մեքենա, Պապիկյանի գույժը, Միրզոյանի ծեծը, ՔՊ եռյակը. Մամուլը՝ սուրճով

15 զոհ, 15 նոր մեքենա,  Պապիկյանի գույժը, Միրզոյանի ծեծը, ՔՊ եռյակը. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրն իր կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ է գնել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՊՆ-ն թվով 15 ավտոմեքենա է ձեռք բերել, իսկ պայմանագիրը կնքվել է հունվարի 20-ին՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից 1 օր հետո: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը գնել է 2023 թվականի արտադրության, սպիտակ երանգի, «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենաներ: Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ մոթորս» ընկերության հետ:

«Հրապարակ» թերթը գրում է.

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ փակ հանդիպում է ունեցել ԱԺ-ում ՔՊ-ականների հետ: Պապիկյանն ասել է, որ քննությունը կպարզի Ազատի դեպքի մեղավորներին, եւ նման միջադեպեր եղել են բոլոր ժամանակներում, դա չի կարելի վերագրել նախարարի թերացմանը: Վստահեցրել է, որ բանակի համար միջոցներ չեն խնայում, բարեփոխումներն ընթացքի մեջ են: Հանդիպմանը մասնակցել է ՔՊ խմբակցության փոքր մասը, հիմնականում՝ Պապիկյանի աջակիցները, 2 տասնյակից պակաս մարդ: Պատգամավորներն ինչ-որ պատրվակներ են գտել հանդիպմանը չգալու համար: Այսինքն` փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել, որ չունի նախկին աջակցությունը, քանի որ առաջնորդը եւս այլեւս հիացած չէ նրանով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է: Իսկ ի՞նչ է նա պատմել քննիչին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջինս նշել է, թե որեւէ բան չի հիշում եւ այդ պահին միայն մտածել է՝ ինչպես պաշտպանվի եւ փրկի իր կյանքը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է: Մինչ այս իշխանականները, երկրի առաջ ծառացած մարտահրավերները թողած, քննարկում էին ընդդիմադիրներին մանդատից զրկել-չզրկելու հարցը, հիմա էլ անցել են արդեն «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելությունից զրկելուն համաձայնություն տալու հարցին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող ֆրակցիային առնչվող այս եւ մյուս բոլոր կարեւոր որոշումները կայացնում է ՔՊ «վերնախավը»՝ ի դեմս խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, Ալեն Սիմոնյանի եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի:

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել։ Մեր աղբյուրի ասելով, դրանք տարբեր դրդապատճառներ ունեն։ Որոշ մասը կառավարվում է ՀՀ իշխանությունների կողմից, ընդ որում՝ նաեւ ֆինանսավորվում է։ ՀՀ իշխանությունները փորձում են կանխել Վարդանյանի ենթադրյալ հաղթարշավը, ուստի ամեն ինչ անելու են նրան մրոտելու համար, որ հանկարծ  Վարդանյանն Արցախից չտեղափոխվի Երեւան՝ սպառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Վարդանյանը խանգարում է նաեւ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններին` Արցախի հարցում տարբերվող իր դիրքորոշմամբ։ Դժգոհների մի խումբն էլ պետական ապարատի նախկին ներկայացուցիչներն են, եւ ոչ միայն։

«Հրապարակ» թերթը գրում է.

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ եւ չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատի իր դիմումը, հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Լուր ստացանք, որ նա, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել, ընդունել է այն եւ մեկնել Հայաստանից։ Լուրեր կան, որ նրան առաջարկվել է զբաղեցնել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը։