Ի՞նչ վիճակ է Սյունիքի սահմանին

Ի՞նչ վիճակ է Սյունիքի սահմանին

Երեկ ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։

Իսկ այժմ ի՞նչ վիճակ է Սյունիքի սահմանին. MediaHub.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով սահմանամերձ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլնունցի հետ։

Վերջինիս խոսքով՝ երեկ գիշերվանից կրակոցներ չեն եղել, վիճակը հանգիստ է։ Հարցին, թե համեմատաբար խաղաղ վիճակը արդյո՞ք կրած վնասները գույքագրելու հնարավորություն տվել է, Ղուլնունցը պատասխանեց՝ մարզպետարանից եկել և գույքագրել են վնասները.

«Վնասների գնահատման բաժնից եկան, գնահատեցին»,- նշեց նա։ Թե ինչ ծավալի վնասի մասին է խոսքը, համայնքապետն ասաց, որ դժվար է ներկայացնել. «Հատ-հատ թվարկել չի լինի»,- նշեց նա։

Նաև դժվարացավ նշել, թե մոտավորապես ինչ գումարի մասին է խոսքը։

Նարե Գնունի