Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «Mazda» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի մարմինը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
