10-15 րոպե ուշացել էի, վազելով եմ միջանցքն անցել․ Մհեր Սահակյանը՝ միջադեպից հետո «փախուստի» մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն այսօր ազատ արձակվեց ՁՊՎ-ից։ Լրագրողների հետ զրույցում Սահակյանն ասաց, որ ինքը և Վլադիմիր Վարդանյանը գտնվել են անհավասար պայմաններում։
«Փորձել եմ փաստաբանի՝ պարոն Մելիքյանի միջոցով հանրությանը տեղյակ պահել, թե իրականում ինչ է կատարվել։ Իրականում, աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, որպես նախագահող իր լիազորությունները չարաշահել է՝ բռի կերպով։ Հերթական նման վարքագիծ դրսևորելու ժամանակ փորձեցի նրան սաստել, նկատողություն անել՝ պահանջելով, որպեսզի հարգալից վերաբերի ընդդիմադիր պատգամավորներին, դրանից նա ավելի ոգևորվեց, իր տեղից դուրս եկավ, դեպի ինձ քայլելով գոռում էր՝ ում վրա ուզի, կգոռա։ Այն պահին, երբ նա դեպի ինձ էր գալիս, հաշվի առնելով իշխանականների այն վարքագիծը, որին բազմիցս ականատես ենք եղել՝ դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի»,-պատմեց նա։
MediaHub-ի դիտարկմանը, թե իշխանական պատգամավորները նշում են, որ հետաքննիչները դեպի վայրից մետաղական առարկա են գտել, որով էլ հարվածել է Վարդանյանին, վերջինս արձագանքեց ժպիտով։
«Բացարձակ սուտ է, ձեռքով եմ հարվածել, ձեռքս էլ ջարդվել է, մեկ անգամ հարվածելուց հետո՝ չցանկանալով, որ վեճն ընդլայնվի, հեռացել եմ նիստերի դահլիճից ու գնացել եմ մեր փորձագետների սենյակ։ Ես աշխատանքային քննարկման էի, 10-15 րոպե ուշացել էի, վազելով եմ միջանցքն անցել։ Միանշանակ մոնտաժված վիդեոներ են հրապարակվել»,- նշեց Սահակյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ դիմել է անհրաժեշտ պաշտպանության։
«Եթե վարույթն իրականացնող մարմինը կգնահատի, որ ես անցել եմ այդ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ»։
Դիտարկմանը, թե իշխանականները լուսանկարներ են հրապարակում և պնդում, որ միջադեպից հետո Սահակյանը կանանց զուգարանում է թաքնվել՝ վերջինս պատասխանեց՝ որտե՞ղ կա նման բան։
«Նույնիսկ իրենց մոնտաժած տեսանյութերում նման բան չկա, կեղծարարություն է։ Չկա նման բան, ես շտապել եմ փորձագետների սենյակ, որից հետո իմացել եմ, որ ոստիկանությունն այնտեղ է, վայրկյանների ընթացքում ներկայացել եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում: