Կապիտուլյացիա կամ նոր պատերազմ. Փաշինյանի թերթը հրապարակել է Ադրբեջանի պահանջները

Կապիտուլյացիա կամ նոր պատերազմ. Փաշինյանի թերթը հրապարակել է Ադրբեջանի պահանջները

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդված, որում հղում անելով «հավաստի աղբյուրին» ներկայացվում են թշնամի երկրի պահանջները: Այլ կերպ ասած, Հայաստանի հանրությանը վարչապետի ընտանիքի թերթն իր, այսպես կոչված, «տեղեկատվական արտահոսքով» նախապատրաստում է ծանր հետևանքների:

Ներկայացնում ենք հրապարակումը ստորև.

Միջազգային եւ տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետեւյալն են:

ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

Միջանցք Հայաստանի տարածքով:

Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար:

Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կամ բավարարել պահանջները, կամ գտնել փոխզիջում, կամ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ: Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ է ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն:

Հավաստի Աղբյուր",- ասված է հրապարակման մեջ:

Ըստ էության, ընդհանուր առմամբ այս պահանջներն ուրվագծված էին վաղուց, սակայն, հրապարակվելով վարչապետի ընտանիքին պատկանող թերթում, դրանք այլ երանգավորում են ստանում: Նախ, այն պատճառով, որ սեպտեմբերի 13-ից հետո Հայաստանը դարձյալ պատերազմի մեջ է ներքաշվել, թեև Երևանն ու Բաքուն շարունակում են, ըստ պաշտոնական տեղեկատվության, աշխատել խաղաղության ապագա պայմանագրի վրա:

Բացի այս, նախօրեին Ժնևում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հերթական հանդիպումն են անցկացրել, իսկ այսօր առավոտյան Փաշինյանը թվիթերում գրեց, որ Ադրբեջանն իրեն խաբել է: Քիչ անց, նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ ձեռքի հետ նաև հանրայնացնելով, որ Բաքվի հետ, փաստորեն, պայմանավորվել էին, որ թշնամին մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ ռազմագերի կվերադարձնի: Բաքուն մնաց իր "ստորության բարձրության վրա", իսկ ՀՀ իշխանությունները, որ ալիևյան գործընկերներին որակում էին "կառուցողական", հերթական ապտակը հանրայնացրեցին:

Հրապարակման ուշագրավ հատվածը նաև սա է, մեջբերում ենք.

"Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կամ բավարարել պահանջները, կամ գտնել փոխզիջում, կամ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ":

Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթն այս պարբերությամբ: Միայն մեկ բան. այս իշխանությունը չի կարող ստիպել կամ համոզել Ադրբեջանին հրաժարվել այս պահանջներից (գլոբալ առումով ջանք չի էլ գործադրվում), չի էլ կարող փոխզիջման հասնել, քանի որ 2020 թվականից հետո հայտնվել է այնպիսի կարգավիճակում, որը փոխզիջման գնալու շանս չի թողնում: Մնում է "բավարարել պահանջները" տարբերակը, որը և հենց առաջինն է նշված թերթի հրապարակման մեջ: Այլ կերպ ասած, հրապարակման հեղինակը, նույն ինքը՝ հավաստի աղբյուրը, Հայաստանի հանրությանն ասում է՝ կա՛մ կապիտուլյացիա, կա՛մ նոր պատերազմ: Այս է...

Լիա Խոջոյան