Լուլուն անապահո՞վ է, թե՞ վետերան, ՀԱՊԿ-ից դուրս կգան Պուտինի ընտրության օ՞րը. Մամուլը՝ սուրճով

Լուլուն անապահո՞վ է, թե՞ վետերան, ՀԱՊԿ-ից դուրս կգան Պուտինի ընտրության օ՞րը. Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի հավանականությունն է, որի առաջին «ծաղիկը» պաշտոնական Երևանի նամակն էր Մոսկվա՝ սեպտեմբերի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահներին հանելու մասով։ Երկրորդը, որի մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում, ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ մնալու պայմանների մասին էր։ Իրականում, մեր տեղեկություններով, դեռ անցած տարվա կեսերից են իշխանության ներսում բավականին բուռն քննարկումներ տեղի ունենում թե՛ դուրս գալ-չգալու մասով, թե՛ դուրս գալու «առիթի» հետ կապված, որ հանրությունն էլ ընկալի որպես տեղին։

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանական նեղ շրջանակներում բավականին տագնապ և մտահոգություն կա այս թեմայով։ Շատերը անկանխատեսելի են համարում նման որոշման հետևանքները և, այդ քննարկումներին մասնակից լինելով, սկզբում ավելի ակտիվ են ներկայացրել իրենց դիրքորոշումը, իսկ վերջին շրջանում չեն արտահայտվում, չնայած հաստատապես դեմ են այդ որոշմանը՝ համարելով հերթական սխալ հաշվարկ։ Մեր զրուցակիցը, որը քաջատեղյակ էր այդ քննարկումներից, պատմեց, որ բավականին լրջորեն քննարկվել է տարբերակը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունն անել ՌԴ նախագահի ընտրությունների օրը:

Ըստ այդմ, «առիթը» կարող է լինել «անսպասելի» սկսված սրացումը սահմանին, ինչի ֆոնին Փաշինյանը ուղիղ եթերում կհայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Այս տարբերակը, մեր տեղեկություններով, բավականին լուրջ քննարկվել է, հատկապես իշխանության արևմտյան թևն է ոգևորված՝ համարելով, որ Պուտինին ընտրվելու կապակցությամբ դա լավ «նվեր» կլինի՝ արևմտյան ԶԼՄ-ների համապատասխան ինֆորմացիոն աջակցությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2019-ի մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 69-րդ կետը հետևյալն էր․ «Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել, և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ տեսականորեն բացառվում են քաղաքական նշանակումները դեսպանների պաշտոնում, բայց դրանք միջազգայնորեն ընդունված շրջանակներից երբեք դուրս չեն գա»։

Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը կարեւորագույն նշանակություն ունեցող երկրներում նշանակել է բացառապես իր թիմակիցներին, որոնք չունեն դիվանագիտական կրթություն: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ Լիլիթ Մակունցը, ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, Գերմանիայում դեսպան է ՔՊ-ական, նախկին պատգամավոր, գերմաներենին տիրապետող Վիկտոր Ենգիբարյանը, Իսպանիայում դեսպան է մեկ այլ ՔՊ-ական նախկին պատգամավոր՝ իսպաներենին տիրապետող Սոս Հակոբյանը, Ռուսաստանի Դաշնությունում՝ մի քանի ամիս պաշտպանության նախարար աշխատած Վաղարշակ Հարությունյանը եւ այլն:

Ժողովուրդ օրաթերթը տեղեկացրել էր, որ Հայաստանի անկախ Հանրապետության դիվանագիտական պատմության մեջ 2023թ․ դեկտեմբերին տեղի ունեցավ աննախադեպ դեպք՝ Հայաստանի քաղաքներից մեկում կոալիցիոն կառավարումը խզելու պատճառով, նեղ քաղաքական խնդիրներից ելնելով, պաշտոնանկ արվեց դեսպան։

Մասնավորապես, 2023թ․ դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր ստորագրեց, որով Միսակ Բալասանյանը, հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Միսակ Բալասանյանն Իրաքում դեսպան էր նշանակվել 2023թ. սեպտեմբերին։ Նա Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։ ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան» դաշինքը հաղթող էր ճանաչվել Գյումրիում։ Նրանք կոալիցիոն հուշագիր ունեին «Քաղաքացիական պայմանագրի» հետ, բայց 2023 թվականի դեկտեմբերին ՔՊ-ն խզեց հուշագիրը, որից հետո Սամվել Բալասանյանի որդին հետ կանչվեց դեսպանի պաշտոնից: Իհարկե, Միսակ Բալասանյանը եւս կադրային դիվանագետ չէր եւ նշանակվել էր ՔՊ-ի քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված միայն»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

ՔՊ-ականները փորձում են առավելագույնս օգտվել պետական լծակներից` տարբեր հարցեր լուծել, արտոնություններ ստանալ: Մենք տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը` Լուլուն, ով մասնագիտությամբ պատմաբան է, մի քանի տարի առաջ որոշել է նոր մասնագիտություն յուրացնել եւ 2021-ին դիմել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետ, որտեղ, որպես կանոն, դիմում են առողջապահության ոլորտի ղեկավարները` ԲԿ-ների տնօրեններ, բաժնի պետեր: Սովորելը, իհարկե, լավ բան է, բայց Լուլուն որոշել է դա անել առանց ուսման վարձ վճարելու, որը 1 միլիոն դրամ է կազմել: Նրա մտերիմը` ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, գրավոր դիմել է ԵՊԲՀ ղեկավարությանը` խնդրելով զեղչել ուսման վարձը: Բժշկական համալսարանն էլ ընդառաջել է, եւ բարձր եկամուտ ունեցող պատգամավոր Լուլուն շուրջ մեկ տարի անվճար ուսանել է համալսարանում, հավանաբար, որպես անապահով խավի ներկայացուցիչ կամ պատերազմի վետերան:

Նման փաստը բոլոր քաղաքակիրթ երկրներում կոռուպցիա են անվանում եւ դրա համար վարույթ են սկսում, ինչը պետք է անի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մեր լուրը ԵՊԲՀ-ից հաստատեցին. «Յուրաքանչյուր տարի, որոշ թվով անձանց տրամադրվում են որոշակի արտոնություններ՝ նպատակ ունենալով խթանել առողջապահական ոլորտի զարգացումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լուսինե Բադալյանը գործունեություն է ծավալում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում եւ մասնակցում է առողջապահական ոլորտի օրենքների մշակման գործում, եւ հիմք ունենալով տվյալ հանձնաժողովի գրությունը, 3 տարի առաջ Լուսինե Բադալյանին տրվել է որոշակի արտոնություն՝ ուսման վարձի փոխհատուցման ձեւով»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մինչ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանքի տակ է, նրա դեմ դատարան հայցեր են ներկայացվում։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 11-ին ՀՀ վարչական դատարան ընդդեմ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայց է ներկայացրել Լիլիթ Հակոբյանը եւ պահանջել 08.02.2024թ. թիվ 244-Կ հրամանն անվավեր ճանաչել:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ: Նա տնային կալանքի տակ է գտնվում փետրվարի 16-ից, ու ստացվում է՝ մինչ այդ՝ փետրվարի 8-ին, կայացրել է մեկ որոշում, որի դեմ էլ բողոք է ներկայացրել քաղաքացին:

Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից:

Սույն քրեական գործով մեղադրյալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը եւ այլ անձինք»: