Տասնյակ զոհեր, խայտառակ պայմաններ, անհասկանալի մեղավորներ. սա է Փաշինյանի պահած բանակը

Տասնյակ զոհեր, խայտառակ պայմաններ, անհասկանալի մեղավորներ. սա է Փաշինյանի պահած բանակը

2022 թվականի հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել՝ հուլիսի 26-ին զինծառայողը մահացավ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, զինծառայողն այրվածքներ էր ստացել վագոն-տնակում վառարանի կայծից առաջացած հրդեհը մարելիս։ Պետությունն էլ փորձեց այս դեպքը կոծկել, բայց չհաջողվեց՝ մեկ շաբաթ անց ստիպված էին ընդունել, որ նման դեպք է եղել:

2023 թվականի հունվարի 19. ողբերգական հրդեհ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում, որը խլեց 15 զինծառայողի կյանք: Ըստ նախնական շրջանառվող լուրերի՝ կացարանում տեղադրված է եղել փայտի վառարան, որը գտնվել է մուտքի մոտ։ Ուժեղ կրակի բռնկման պահին վերակարգի զինծառայողները եղել են բակում, իսկ ներսում քնած է եղել անձնակազմը։ Քանի որ կրակը շատ ուժեղ է եղել, քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուսները փորձել են դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, նրանց չի հաջողվել դա անել։ Այդ ընթացքում վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն համածառակայիցներին, բայց նրանք էլ են հրդեհի զոհ դարձել։

Կես տարվա տարբերությամբ երկու ողրբերգություն, առնվազն 16 զոհ այն պատճառով, որ զինծառայողներն անմխիթար պայմաններում են: Երեքն այս պահին մահվան հետ կռիվ են տալիս:
Լուսանկարները, որ ներկայացնում է MediaHub-ը դեպքի վարից, ավելորդ մեկնաբանությունների կարիք չունեն. արդյո՞ք այս խայտառակությունը բանակում ծառայություն անցնող ՀՀ քաղաքացիների համար արժանվույն պայմաններ են....

2022 թվականի հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձում հայտարարել էր.

«Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է»:

Եվ դեռ հրդեհի ծուխը չմարած՝ Փաշինյանը մեղավորներ գտավ, առանց նախաքննության ու քննության, հրամանատարությունը գլխատեց և վերջ: Այսքանով սա էլ կմարսվի ու կգնա… մինչ նոր զոհեր:

Քանի՞ կոպեկ արժի ձեր կլուբնիկը բանակում, ասֆալտապատ ճանապարհները, քանի գրոշ արժեք դո՛ւք:

Ահա այսպիսի բարելավում. ու վստահ ենք՝ սա դեռ վերջը չէ ու մեկ տարի անց էլ բան չի փոխվելու, քանզի այս իշխանության առաջնահերությունը բանակի վերջնական կազմաքանդումն է: Միայն ու բացառապես դա: