Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հունգարիան արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկ ոլորտում

Blog Image

Հունգարիայի կառավարությունը արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկայի ոլորտում. այդ մասին հուլիսի 13-ին հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գույաշը։

Արտակարգ դրությունը ենթադրում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են  ջեռուցման սեզոնի նախաշեմին երկրի վառելիքով ապահովմանը։ Մասնավորապես՝ օգոստոսից կավելացվեն գազի գնումները արտերկրից, և կկրճատվի վառելիքի սպառումը երկրի ներսում։

Գույաշը նաև նշել է, որ աշնանը գազի պակասը կզգացվի ողջ Եվրոպայում։
«Վերջին օրերին պարզ դարձավ, որ, մեծ հավանականությամբ, Եվրոպայում աշուն-ձմեռ ջեռուցման սեզոնի համար բավարար գազ չի լինի»,- ասել է Գույաշը։

Այսօր վարչապետ Վիկտոր Օրբանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել երկրի էներգամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։

Հուլիսի 13-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ իր երկիրը նույնիսկ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանից գազի էմբարգոն և չի աջակցի ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթին, եթե այն ներառի սահմանափակումներ «Գազպրոմ»-ի կամ «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ։

Հուլիսի 11-ին Bloomberg-ը հայտնել էր, որ Եվրամիությունը ծրագրում է առաջիկա շաբաթներին առաջարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ անդամ որոշ երկրներ պնդում են ընդլայնել Ռուսաստանի Դաշնության դեմ նման պատժամիջոցները՝ գազային ոլորտին հարվածելու նպատակով։

Send