Պլաստիկ կա՛ պլաստիկ․ կեցցե՜ ՆԳՆ ոստիկանությունը

Երևան, 21-րդ դար, 2024 թվականի ապրիլ-մայիս։ Քաղաքացին գնացել է իր նոր գնած մեքենան ՀՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնում գրանցելու, և պլաստիկ քարտով տեխանձնագրի փոխարեն տրամադրել են մի թղթի կտոր՝ վրան իր մեքենայի տվյալները գրած։
Պարզվում է՝ ոստիկանությունում դարձյալ պլաստիկ քարտերի խնդիր է առաջացել։ 21-րդ դարում, երբ մարդիկ արդեն արհեստական բանականությամբ են իրենց գործերը կազմակերպում, զարգացման եվրոպական մոդել ընտրած կովկասյան Հայաստանում պլաստիկ քարտ չկա, որ տեխանձնագիր տպեն։ Ու սա միայն այս տարի չէ։ Հիշեցնենք՝ նույն խնդիրը նաև անցյալ տարի էր՝ էլի այս շրջանում, նաև 2022 թվականին կար այդպիսի խնդիր, ու «դրանից առաջ էլ, դրանից առաջ էլ, դրանից առաջ էլ, հլը դրանից էլ, դրանից առաջ էլ»։
Պատճառը շատ պարզ է և, միևնույն ժամանակ, ամոթալի․ պլաստիկ քարտերի «մատերիալը»՝ բուն պլաստիկը, ներկրում են դրսից՝ եվրոպական երկրներից, որովհետև գիտական մեծ ներուժ և պոտենցիալ, հետն էլ՝ հզորագույն ուղեղներ ունեցող Հայաստանում պլաստիկ քարտ չեն կարողանում արտադրել։ Ու դրա համար ոստիկանությունը ստիպված է ամեն տարի մրցույթ հայտարարել, որ դրսից ինչ-որ ընկերություններ մասնակցեն, հաղթեն և ժողովրդավարությունը, բայց ոչ՝ գիտությունն ու տեխնոլոգիաները իր բրենդը հռչակած Հայաստանին պլաստիկ քարտեր մատակարարեն։ Ու քանի որ Հայաստանի ներքին գործերի նախարարության փայլուն ուղեղները հաշվարկներից այնքան էլ լավ չեն, որ տարվա սկզբին մոտավոր կանխատեսեն, թե այդ տարվա ընթացքում որքան պլաստիկ քարտի կարիք կունենան, ամեն տարի իրենք ակնկալվողից պակաս քանակությամբ են պատվիրում։
Կրկնում ենք՝ ամեն տարի նրանք չեն կարողանում այդ տարվա համար ճիշտ հաշվարկ կատարել, գոնե կարող են ամեն անգամ նախորդ տարվա տվյալները հիմք ընդունել, որ այս իրավիճակում չհայտնվեն։
MediaHub-ը փորձեց ՆԳՆ-ից ճշտել, թե որքա՞ն ժամանակ է, որ պլաստիկ քարտերի խնդիր ունեն, և ե՞րբ են պատրաստվում կարգավորել այս հարցը։
ՆԳՆ-ից, ով զարմանք, ասացին, որ խնդիրն արդեն լուծվել է: «Նշված հարցով կարճ ժամանակահատված եղել է տեխնիկական խնդիր, սակայն այն ամբողջությամբ կարգավորված է։ Այս պահին որևէ խնդիր չկա»,- ասացին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Ասել է թե՝ պլաստիկ չկար, պլաստիկ կա։ Կամ՝ պլաստիկ կա պլաստիկ։
Վահե Մակարյան