«Այս տարվա մայիսից արդեն դադարեցվել է Բաքվի Կարմիր խաչի առաքելության գործունեությունը։ Դրա հետ մեկտեղ դժվարացել է մեր հարազատների հետ ֆիզիկական կապը։ Վերջին անգամ ԿԽՄԿ առաքելության միջոցով ամուսնուս համար հագուստ, քաղցրավենիք, սուրճ ու այլ անհրաժեշտ ապրանքներ եմ ուղարկել մայիսին։ Դրանից հետո առայժմ սահմանափակվում ենք հեռախոսազանգերով»,- MediaHub-ին ասում է Բաքվում պահվող ռազմագերու կինը։
Ուղիղ մեկ տարի 11 ամիս է անցել Արցախի կորստից։ Մեր զրուցակցի ամուսինն անհետացել էր սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո, և երկար ժամանակ որևէ լուր չկար։ Սակայն, հոկտեմբերից պարզ դարձավ, որ նա ևս Բաքվի բանտում է։
«Թե ինչերի միջով ենք անցնում՝ դժվար է պատկերացնել։ Աղջիկս արդեն մանկապարտեզ է հաճախում, նրան միայնակ եմ մեծացնում։ Երեք ամիսը մեկ տեսանյութերով փոխանակվում էինք, հայրն աղջկա մեծանալն էր տեսնում, աղջիկը հորն էր ճանաչում։ Հիմա արդեն հասկանում ենք, որ Կարմիր խաչը շատ կարևոր առաքելություն էր իրականացնում, որը, ցավոք, այլևս հնարավոր չէ»,- ասում է երիտասարդ կինը։
Բաքվում պահվող հայ ռազմագերիների և նրանց ընտանիքների միջև կապն առայժմ ապահովվում է հեռախոսակապով՝ յուրաքանչյուր չորեքշաբթի օրերին։
«Հարցնում են՝ «մեր մասով հետաքրքրվողներ կա՞ն, կառավարությունն ի՞նչ քայլեր է կատարում»։ Կառավարությունն ամեն անգամ վստահեցնում է, որ այդ հարցն իրենց օրակարգում է։ Հիմա արդեն մեր միակ հույսը «Խաղաղության համաձայնագրի» վավերացումն է, որի մասով խիստ կասկածներ ունենք բոլորս։ Շուտով կլրանա 2-րդ տարին, բայց որևէ տեղաշարժ չկա՝ սպասման ու կարոտի ցավից բացի»,- ավելացրեց նա։
Միջազգային որևէ կազմակերպություն կամ իրավապաշտպան կառույց ընդգրկված չէ հայ ռազմագերիների շինծու դատավարություններին։ Մեր զրուցակիցն ասում է, որ անգամ Հայաստանի կառավարությունն իր հայրենակիցներին տեր չի կանգնում և չի դիմում միջազգային դատարան։
Հունան Թադևոսյան