Հարավային Կորեայում աշխարհի առաջին լողացող քաղաքը կկառուցեն

Հարավային Կորեայում աշխարհի առաջին լողացող քաղաքը կկառուցեն

Ծովի մակարդակի գլոբալ բարձրացման հետ կապված մտահոգություններն աճում են, ուստի ջրի վրա կլիմայի փոփոխությունների հանդեպ դիմացկուն քաղաքներ կառուցելու գաղափարը թափ է հավաքում: UN-Habitat-ը, Bjarke Ingels Group-ը, SAMOO-ն (Samsung Group), Oceanix-ը եւ այլ ընկերություններ համախմբել են իրենց ուժերը Հարավային Կորեայում առաջին լողացող քաղաքը կառուցելու համար, տեղեկացնում է «Տեխկուլտը»:

Ծրագիրը ներկայացվել է դեռեւս 2019 թվականին, դրանից հետո այն միայն զարգացել է։ Նախագիծը ստացել է Oceanix Busan անվանումը, քանի որ ծրագրվել է կառուցել հարավկորեական Բուսանի ափերի մոտ: Դրանք կլինեն մայրցամաքի հետ կապված երեք հսկայական լողացող հարթակներ, որոնց վրա կկառուցվեն բնակելի շենքեր, հանրային տարածքներ՝ ռեստորաններով, եւ գիտական գոտիներ։ Ի դեպ, նախագիծը կարող է ընդլայնվել մինչեւ 20 կղզիներ՝ շատ ավելի մեծ տարածքով:

Սա կլինի ջրի վրա կայուն համայնքի առաջին նախատիպը: Միմյանց միացած ընդհանուր 6,3 հեկտար տարածքի վրա կտեղավորվի 12 000 բնակիչ, յուրաքանչյուր շրջանը ընդհանուր օգտագործման 30 000-40 000 ք/մ  տարածք կունենա: Լողացող հարթակները մայրցամաքի հետ կմիանան կամուրջներով՝ հանգստի, ստեղծագործական գործունեության եւ համերգների համար նախատեսված տարածքներով:

Շենքերը կկառուցվեն էկոլոգիապես մաքուր նյութերից, այդ թվում՝ փայտից, եւ դասավորված կլինեն հատուկ եղանակով՝ բնական օդափոխություն ապահովելու համար

Նախագծի իրականացման մեկնարկը նախատեսված է 2023 թվականին։ Oceanix-ը երաշխավորում է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի մինչեւ 2027 թվականը։

Համայնքին էլեկտրաէներգիա կմատակարարվի արեւային մարտկոցներից, ջերմոցներում սնունդ կաճեցվի, ջրի սպառումը կհասցվի նվազագույնի։