Նվաստացնում են, ձեռք առնում. Բուլղարիայի օդանավակայանում խտրական են վերաբերվում ՀՀ քաղաքացիների նկատմամբ
Բուլղարիայի օդանավակայանում շարունակվում է խտրական վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ: MediaHub-ը տևական ժամանակ է բարձրաձայնում է այս խնդիրը, և ահա հերթական ահազանգը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում հայ զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս մտնել այդ երկրի տարածք, առանց հարցերին սպառիչ պատասխանելու։
«Երկու օր առաջ 5 քաղաքացու հետ են ուղարկել Հայաստան, այս պահին 4 հոգով անմարդկային պայմաններում դեռևս գտնվում ենք օդանավակայանի տարածքում։ Մեզ ևս հետ են ուղարկելու անհիմն պատճառներով։ Ապօրինություն է տեղի ունենում, օրենքի կետերով հստակ բացատրություն չեն ներկայացնում։ Բուլղարիայի դեսպանությունը տրամադրել է մուտքի վիզա, նույն փաստաթղթերով մտել ենք Բուլղարիա ու կանգնել խնդիրների առաջ»,- MediaHub-ին ասաց Նարեկ Զոհրաբյանը։
Մեր զրուցակիցը, որ այս պահին էլ դեռ Սոֆիայի օդանավակայանում է, իր և ՀՀ տասնյակ քաղաքացիների հետ կատարվածը խաբեություն և բացարձակ խայտառակություն է որակում։ Վաղը՝ երեքշաբթի նրանք հետ են ուղարկվելու Հայաստան, առանց ստանալու հուզող հարցերի պատասխանները։
«Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը և կամ մեր արտաքին գործերի նախարարությունը պետք է հայտարարություն անի, որ եթե դուք գնում եք Բուլղարիա, և եթե նույնիսկ ձեր մոտ ամեն ինչ նորմալ ա, փաստաթղթերում որևէ խնդիր չկա, հաշվի առեք այս հանգամանքը։ Նման դեպքում դուք չեք ստանալու ոչ մի իրավաբանական ծառայություն, ձեր կողքը ոչ մեկ չի լինելու ու դուք միայնակ պետք է ձեր հարցերը կարգավորեք, և որ մեծ ռիսկ կա, որ կունենաք ֆինանսական ու ժամանակի կորուստ։ Մի բան էլ ավելացնեմ, որ օդանավակայանի «պասպորտկոնտրոլում» ակնհայտ խտրական վերաբերմունք են ցուցաբերում ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Այդպես են վարվում նաև Հնդկաստանի ու Պակիստանի քաղաքացիների նկատմամբ ու շատ դեպքում հետ են ուղարկում իրենց երկիր»,- նշեց Նարեկ Զոհրաբյանը։
Նարեկի խոսքով՝ օդանավակայանի սահմանապահների խտրական վերաբերմունքն այնքան ակնհայտ է, որ բոլորի ներկայությամբ կարող են բացել ճամպրուկները՝ ստուգելու պատրվակով։
«Նվաստացուցիչ է, բոլորի աչքի առաջ քանդել են մեր ապրանքները, խցկվել դրամապանակի մեջ, հաշվել, թե ինչքան գումար ենք մեզ հետ վերցրել՝ իրար մեջ բուլղարերենով խոսելով, ձեռ առնելով։ Մենք չենք հասկանում, թե ինչ են խոսում, բայց իրենց հրճվանքից հասկանում ես, որ մեզ հետ նվաստացուցիչ վերաբերվելով հաճույք են ստանում։ Եվ այդ ամենը բոլորի աչքի առաջ և ոչ թե առանձնացված սենյակում»,- ընդգծեց մեր հայրենակիցը։
Սոֆիայի օդանավակայանում ապօրինի պահվող մեր հայրենակիցները դիմել են ՀՀ ԱԳՆ-ին ու կառավարության աշխատակազմի ղեկավարին։ Վերջինս կապ է հաստատել դեսպանի հետ։ Հաշվի առնելով, որ ոչ աշխատանքային օրեր էին, ամեն դեպքում Նարեկի խոսքով՝ հատկացվել է սնունդ ու ջուր։
Բուլղարական կողմը ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ հստակ որևէ բացատրություն չի տալիս ՀՀ քաղաքացիներին, թե ինչո՞ւ են արգելում մտնել իրենց երկրի տարածք։ Մինդեռ մեր հայրենակիցները մուտքի արտոնագիրը ստանալուց հետո գնել են ավիատոմս, ամրագրել հյուրանոցներ, վճարումները կատարել ժամանակին։ Սակայն, պատճառված դրամական ու հոգեբանական կորստի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։
«Նորից կրկնեմ, առանց որևէ բացատրության մեզ շպրտել են այստեղ, իսկ աշխատակիցների հետ կապի դուրս գալն ամենաբարդ պրոցեսն է։ Երեկ գիշեր, երբ մեր ուղևորներից մեկը փաստաբան էր հրավիրել, դրանից հետո մեզ ջուր ու ուտելիք են բերել անհատույց, չնայած, որ ասում էին ամեն ինչ ձեր հաշվին է լինելու։ Էլի շնորհակալ ենք, որ մեր հոգսը թեթևացրել են»։
Անելանելի իրավիճակում հայտնված մեր քաղաքացիները շատ հարցեր ունեն, որոնց պատասխաններն առ այս պահը չեն ստացել։ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատունը մուտքի արտոնագիր տրամադրել է՝ հաշվի առնելով, որ փաստաթղթերում որևէ անճշտություն չկա, սակայն Սոֆիայի օդանավակայանում արդեն որերրորդ անգամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արժանանում են անմարդկային վերաբերմունքի։
Լուսանկարները տրամադրել է MediaHub-ի զրուցակիցը։
Հունան Թադևոսյան