Գազամուղի վնասումից հետո ադրբեջանցիները չէին անցնում մեր կողմով, այսօր առաջին անգամ անցան․ Հակոբյան

Գազամուղի վնասումից հետո ադրբեջանցիները չէին անցնում մեր կողմով, այսօր առաջին անգամ անցան․ Հակոբյան

Քիչ առաջ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն տարածեցին, որ Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է։ MediaHub.am-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ով նշեց, որ այս պահին գազամատակարարումը վերականգնված չէ։

«Չգիտեմ` ո՞րտեղից են տալիս, ինչո՞ւ են տալիս նման տեղեկատվություններ, կամ իրականում հնարավոր է վերականգնման աշխատանքներն ավարտվել են, բայց խնդիր կա երևի, չգիտեմ»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ բնակիչները հայտնել են, որ թշնամու շարասյունները արդեն մեր գյուղերով անցել է․

«Գազամատակարարման դադարեցումից հետո շարժ չկար, ադրբեջանական կողմն իրենց շարասյունները չէին անցկացնում մեր կողմով, այսօր առաջին շարասյունն անցել է, թե որ կողմից էր արգելքը, չեմ կարող ասել, բայց սահմանափակում կար, իսկ այսօր անցնելը թե գազամատակարարման հետ է կապված, չեմ կարող ասել, որովհետև շատ կցկտուր է տեղեկատվությունը, չգիտես ինչու` բացարձակ գաղտնիության մեջ է ամեն ինչ արվում»։

Նշենք, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

Արմինե Նավոյան