ՔՊ ներսում իրար «ուտում են». ո՞վ է արժանի արդարադատության նախարարի պաշտոնին
Անցնող շաբաթվա ամենաբուռն քննարկումների թեման՝ թե՛ հանրության, թե՛ ՔՊ-ականների շրջանում այն էր, թե ո՞վ է նշանակվելու արդարադատության նախարար: Նշենք, արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը հեռացավ պաշտոնից ՔՊ-ական պատգամավորների անցկացրած ստորագրահավաքի արդյունքում, և հիմա ՔՊ ներսում իրար «ուտում են»։
Այս օրերի ընթացքում տարբեր թեկնածուների անուններ էին շրջանառվում՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանից, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, մինչ ստորագրահավաքի հեղինակ Արփի Դավոյան, նրա գործընկերներ Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, Սիսակ Գաբրիելյան։ Եթե ոմանք հենց ինքնակամ հրաժարվել են, ապա գլխավոր ակտոր՝ Արփի Դավոյանի թեկնածությունն էլ ՔՊ-ականները միահամուռ մերժել են, և նա, փաստացի, մնաց առանց իր երազանքի իրականացման:
Այս պահի դրությամբ որևէ նոր անուն՝ որպես նախարարի թեկնածու, չի շրջանառվում:
Մինչ ՔՊ-ականներն ակտիվ փորձում են «մեկը մյուսի ձեռքից խլել» արդարադատության նախարարի պաշտոնը, MediaHub-ն իր ընթերցողների շրջանում հարցում անցկացրեց՝ «ՔՊ-ն քննարկում է Արդարադատության նախարարի թեկնածուների հարցը, սակայն, կարծես, թեկնածու չունեն, ո՞րն է պատճառը» հարցի շուրջ:
Ըստ արդյունքների՝ հարցվածների 18%-ն ընտրել է «ՔՊ ներսում իրար «ուտում են»» տարբերակը, «Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը միշտ անհասկանալի է եղել» տարբերակն ընտրել է հարցվածների 9%-ը:
Ամենից շատ՝ հարցվածների 43%-ն ընտրել են «Պրոֆեսիոնալներ չկան իշխանության շարքերում» տարբերակը:
«Արփի Դավոյանին թող նշանակեն, իբր մնացած նախարարներից ինչո՞վ է տարբերվում» պատասխանն ընտրել է հարցվածների 5%-ը, իսկ «Մեկ է՝ Նիկոլ Փաշինյանը ում որոշի, նա էլ կլինի, մնացածը խաղ է» պատասխանն ընտրել է հարցվածների 26%-ը։
Մեր ընթերցողները թողել են նաև իրենց մեկնաբանություններն այս հարցի շուրջ: Ահա դրանցից ամենաուշագրավները՝
«Իշխանության անդամներն իրավունք չունեն պրոֆի չլինելու։ Ո՞ւր է իշխանություն, որ պրոֆի լինեն, թե չլինեն։ Միակ պրոֆեսիոնալությունը փողերը հաշվելն է»։
«Փաշինյան ջան, նշանակեք Արմեն Դանիելյանին, որը ժամանակին դատախազի տեղակալ է եղել, արդար է աշխատել, դրա համար հանել են»։
«Միայն Սամվել Բաբայանը կարա եղանակ փոխի դեպի դրականը, մնացածը ոչնչություն են...»։
«Թշվառների և կոռուպցիոներների հավաքածու է Կառավարությունը»։
«Ինչո՞ւ չեն նշանակում Արմեն Դանիելյանին»։
«Իմ հարծիքով՝ պետք է նշանակեն Արփինե Սարգսյանին, մեջներից ամենանորմալ թեկնածուն է»։
«Միայն Դավոյանին չնշանակեն, թե չէ ամոթ կլինի արդարադատության նախարարը Դավոյանը լինի, աղավնու նկարով»։
Մարիաննա Արամյան