Շարունակվելու են արցախցիների իրավունքների պաշտպանության հարցով ակցիաները

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ՝ մարտի 31-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց անցկացվեց ակցիա։
Ակցիայի նպատակը Արցախից բռնի տեղահանվածների սպասվող սոցիալական ճգնաժամի մասին իրազեկումն ու Խորհրդի սոցիալական բնույթի պահանջների մանրամասների ներկայացումն էր:
Ակցիայի շրջանակներում ելույթով հանդես եկավ Խորհրդի անդամ, Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Մարիամ Աբրահամյանը Mariam Abrahamyan։ Նա հակիրճ ներկայացրեց սոցիալական ոլորտի առաջնային հիմնախնդիրները՝ ընդգծելով, որ բնակարանային և զբաղվածության ծրագրերը պետք է նշանակալիորեն բարելավվեն՝ հաշվի առնելով արցախյան քաղհասարակության մտահոգություններն ու առաջարկները:
Ելույթից հետո ակցիայի մասնակիցները գրություններ արեցին նախարարության դիմաց` շեշտադրելով, որ բնակապահովման ծրագիրը պետք է համապատասխանեցվի շահառուների կարիքներին՝ մինչ այդ շարունակելով բնակվարձի աջակցության ծրագիրը։
Նախարարությունից հրավիրեցին ակցիային մասնակցող Խորհրդի չորս անդամի, որոնք ներկայացրեցին Խորհրդի դիրքորոշումներն ու պահանջեցին արագ ու ներառական որոշումների կայացում ներկայացված հարցերի վերաբերյալ:
Հավելենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից շարունակվելու են փոքր ու տեղային ակցիաները տարբեր թեմաներով, որոնց վերաբերյալ կտրվեն լրացուցիչ տեղեկություններ»: