Ադրբեջանը փորձում է մեր և միջազգային հանրության դիմադրողականությունը․ Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանը փորձում է մեր և միջազգային հանրության դիմադրողականությունը․ Սամվել Մարտիրոսյան

Արդեն 8 օր է Լաչինի միջանցքը փակ է, որն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է․ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սա անվանում է հիբրիդային պատերազմ։ 

Վերջինս MediaHub-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներում տեղեկատվական անվտանգությանը, ռիսկերին և դրա դեմ պայքարի մեթոդներին։ 

Նշենք, որ հիբրիդային պատերազմը ժամանակակից պատերազմի տեսակ է, որն իր մեջ ներառում է տեղեկատվական, հոգեբանական, կիբերհաձակումներ, երբ հստակ չեն դերակատարները, լղոզված է առաջնագիծը: Սա կարող է օժանդակել ռազմական գործողություններին, լուծել նույն հարցը, ինչ կարող է լուծել ռազմական ճանապարհով տեղի ունեցած պատերազմը։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, այժմ Ադրբեջանը Արցախի բնակչության նկատմամբ իրականացնում է հոգեբանական ճնշում, որի իմաստը Արցախը հայաթափելն է։ Սա արվում է նաև Հայաստանի և սփյուքահայության նկատմամբ, քանզի ծանր հետևանքներ տեսած ժողովրդի մոտ ավելի հեշտ կարելի է հոգեբանական ճնշումներ ստեղծել:  Ադրբեջանը, նրա խոսքով, ուզում է ամրապնդել այդ ճնշումները։ 

«Իհարկե, ոչ ոք չի հավատում, որ Արցախում ճանապարհը փակածները բնապահպաններ են, և մենք համոզելու խնդիր չունենք։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը հիմա ստուգում է, թե որքան ճնշում կարող է գործադրել միջազգային հանրությունը, եթե ինքն Արցախում ավելի կոշտ քայլերի գնա, փորձարկում է նաև մեր դիմադրողականությունը»,-ասաց Մարտիրոսյանը։ 
Այժմ կարևոր է հիբրիդային պատերազմում լծակներ ունենալը, որոնք կարող են չեզոքացնել ադրբեջանցիների ագրեսիվ գործողությունները։ Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետի՝ շատ կարևոր է, որ անգամ շարքային քաղաքացիները միջազգային հանրության մի հատվածի վրա ազդեցություն ունենան, որի հետևանքով էլ այդ հատվածը ազդեցություն կունենա իր երկրի կառավարության վրա։

«Այժմ տեղեկատվության անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ թույլ չտանք հոգեբանական ճնշում լինի Ադրբեջանի կողմից։ Այնուհետև, մեր կողմից լծակներ ունենալն է այլ երկրների տեղեկատվական դաշտի վրա, որպեսզի թույլ չտանք, որ Ադրբեջանը կամ Թուրքիան ազդեցություն ունենան»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս փուլում նաև կարևոր է ապահովագրվել երկրի ներսում հասարակական կարծիքի վրա ազդողներից։

MediaHub—ը հիշեցնում է, որ արդեն ութերորդ օրն է, ինչ Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակ է: Արցախը հումանիտար աղետի շեմին է:

Շուշանիկ Միսկարյան