Ինչո՞ւ ՀՀ քաղաքացիներին չեն թողնում լիովին օգտվել Wildberries-ից 

Ինչո՞ւ ՀՀ քաղաքացիներին չեն թողնում լիովին օգտվել Wildberries-ից 

Ռուսական խոշոր առցանց հարթակը՝ Wildberries-ը, ամսի 9-ից փակել է տարբերակը, որը թույլ էր տալիս ապրանքները մատչելի գնով պատվիրել։ 

MediaHub-ը քաղաքացիներից բողոքներ է ստացել, թե ինչո՞ւ առևտրականների բողոքներից հետո փակեցին ՀՀ-ում բնակվող քաղաքացիների համար ապրանքները մատչելի պատվիրելու տարբերակը։ Նրանք նշում են, որ խոսքը ոչ միայն այն մասին է, որ ապրանքատեսակներն ավելի մատչելի էին, այլ նաև հասանելի տեսականին Հայաստանի տարածք չի առաքվում: 

Ինչո՞վ է պայմանավորված, որ մի շարք ապրանքներ հայկական շուկայի համար անհասանելի են։

Ինչո՞ւ ՓՄՁ-ն և Կառավարությունը չեն թողնում հայ ժողովուրդին մատչելի գնումներ կատարել, այլ որոշում են ուղղակի փակել այդ տարբերակը։ Այս հարցերը MediaHub-ի զրույցում մեկնաբանեց  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ 

«Wildberries-ը, ըստ էության, հայկական շուկայի համար ուներ մի այլ առաջարկ, ռուսական շուկայի համար՝ մի ուրիշ առաջարկ։ Հայկական շուկան ուներ էժան ապրանքի պահանջարկ, ոչ վճարունակ հասարակություն, որքան էլ Կառավարությունը հերքի, բայց մենք ունենք աղքատության բարձր ցուցանիշներ։ Մեր խոշոր բիզնեսի ախորժակը մեծ է, նա գերշահույթ է հետապնդում, և ոչ թե մաշտաբի էֆեկտով, էժան ինքնարժեքի պայմաններում շուկային այդ էժան ապրանքը տալիս է։ ՓՄՁ-ին մնում էր մի բան՝ փակել մատչելի գնումներ կատարելու տարբերակը։ Մեր Կառավարությունը ժամանակի ռիթմը չի հասկանում, իսկ լավ բիզնեսը հասկանում է ժամանակի ռիթմը և պահանջարկները»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։ 

Անցած շաբաթ մեկ-երկու օր բողոքի ակցիաներից հետո, փաստացի, Հայաստանում քաղաքացիները զրկվեցին մատչելի առևտուր անելու հնարավորությունից:  Բողոքներն ավելանում են օր օրի, քանի որ հասարակությունն ուզում է Wildberries-ից լիովին և մյուս կողմից էլ տրամաբանական հարց է առաջանում՝ 21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհը նստած է օնլայն առևտրի վրա, ինչպե՞ս է հնարավոր դա փակել մեր երկրում։

Բայց արդյո՞ք այս բողոքները կօգնեն հետ բերել մատչելի գնումներ կատարելու տարբերակը։ 

«Միայն այս առավոտյան ես ստացել եմ 4 բողոք, իսկ այս 4 օրվա ընդացքում երկու տասնյակից ավելի բողոք։ Մարդիկ ուղիղ տեքստով ասում են՝ ինչո՞ւ մի քանի բիզնեսի պատճառով մենք պետք է տուժենք։ Ինչո՞ւ են առևտրականները, օրինակի համար, մի ապրանքի գինը 5 անգամ թանգացնում։ Այս բողոքներից հետո, անգամ եթե ապրանքները հետ չբերեն, ըստ իս՝ Wildberries-ը իր տեսականին կվերանայի և մեր շուկային կառաջարկի… իհարկե այն գնով, որով կար»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ։

Հիշեցնենք, որ շուրջ 19 տարի շուկայում գործող ռուսական խոշոր առցանց հարթակը՝ Wildberries-ը Հայաստանի քաղաքացիներին հասանելի է դարձել 2018 թվականից։ Հայ ժողովուրդը գտել էր մի քանի անգամ մատչելի գնումներ կատարելու տարբերակ։ Մի քանի օր առաջ առևտրականները պահանջում էին փակել օնլայն խանութը՝ պնդելով, թե կորցնում են իրենց բիզնեսը։ Այս պահանջը Կառավարությանն էին ներկայացրել և, փաստացի, պետությունը որոշեց գնալ զիջումների: Թեև չի բացառվում են, որ իրական պատճառը ավելի խոշոր գործարարներն են ու նրանց բիզնեսն է….

Մարիաննա Արամյան