Ադրբեջանցիները նոր էսկալացիայի հող են նախապատրաստո՞ւմ  

Ադրբեջանցիները նոր էսկալացիայի հող են նախապատրաստո՞ւմ  

Երկարատև ընդմիջումից հետո երեկ՝ հունվարի 6-ին, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը 2 անգամ հաղորդագրություն տարածեց, թե, իբր, հայկական կողմը Սյունիքի մարզի Տեղ-Խոզնավար ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կրակ բացելով օկուպացված Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը 2 դեպքում հերքել է, դրանք որակել ապատեղեկատվություն։

Սյունիքի մարզում նորից սկսել են անհանգստանալ։ Տեղ գյուղի բնակիչը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այս կեղծ հաղորդագրությունները այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի թեման թեժ պահելու նպատակ ունեն։

«Ուրեմն, մենք իրենց պատճառով զրկվել ենք մեր հողերից, արոտավայրերից, խոտհարքների տարածքից, մի բան էլ դեռ իրենք են մեղադրում մեզ, իբր, կրակել ենք խաղաղ բնակավայրի ուղղությամբ։ Տղաս նոր տարվա գիշեր դիրքերում է եղել, պատմել է, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 31-ին ամեն ինչ արել են, որ մեր կողմից կրակոց լինի իրենց ուղղությամբ, այսինքն՝ շատ են բզբզացել, բայց մերոնք ցուցաբերել են համբերատարություն, մի փամփուշտ նույնիսկ չեն կրակել։ Հիմա մեղադրում են մեզ, դա նշանակում է, որ շուտով իրենք են կրակելու մերոնց ուղղությամբ, իրենց արարքն արդարացնելով, թե «պատասխան ենք տվել»»,- իր մտահոգությունը փոխանցեց սյունեցի տղամարդը։ 

Նրա կարծիքով ադրբեջանցիները հող են նախապատրաստում նոր էսկալացիա հրահրելու, միջանցքի թեման օրակարգում պահելու և կամ նորից հիշեցնելու, որ տարածաշրջանում լիդերի դերակատարումը վերապահված է իրենց։

«Փաշինյանը ինչքան ասի, թե ոչ մի միջանցքի հարց չի քննարկվում, որքան առաջ քաշի «խաղաղության խաչմերուկը», միևնույն է, ինքը չի պատկերացնում պահի լրջությունը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղությամբ համակեցությունը ոչ միայն իրատեսական չէ, այլև անհնար է»,- ասաց նա։

Հունան Թադևոսյան